Search
Close this search box.

Բանկերը գյուղացիներին անտոկոս վարկ չեն տալիս․ պահանջում են Երևանում անշարժ գույք

Կառավարության ծրագրի համաձայն՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով պետք է մատչելի, անտոկոս վարկեր տրամադրվեն գյուղացիներին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանկերը փաստացի սաբոտաժ են անում և գյուղացիներին չեն տրամադրում այդ վարկերը: Դրա հետևանքով գյուղատնտեսության ակտիվ շրջանում գյուղացիները չեն կարողանում վերցնել վարկեր:

Պատգամավորը նշել էր, որ Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում այս խնդիրը կա, ու գյուղացիները ահազանգել են։

Շիրակի մարզից բացի, Կոտայքի մարզի մի շարք համայնքներում գյուղացիները ևս այս խնդրի առաջ են կանգնել։ Մեզ ահազանգած գյուղացիները նշեցին, որ բանկերը, վարկային կազմակերպությունները հրաժարվում են տրամադրել մինչև 1 մլն դրամ 0 տոկոսով գյուղատնտեսական վարկերը։

Գյուղացիների խոսքերով՝ բանկերը պատճառաբանում են, որ դիմումները շատ են, իրենք չունեն այդքան ֆինանսական միջոցներ։ Դրանից բացի, կան դեպքեր, երբ բանկերը նախապատվությունը տալիս են այն գյուղացիներին, որոնք նույն բանկում գրավի դիմաց մեկ այլ վարկ ունեն, այլ կերպ ասած՝ երաշխիք կա։ «Մեզանից պահանջում են մարել նախկին վարկերը, որից հետո ասում են՝ կարող ենք տրամադրել կառավարության ծրագրով նախատեսված զրո տոկոսով վարկերը։ Խնդրի առաջ ենք կանգնել, չգիտենք՝ ինչ անել»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները։

Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով պարտքով գումարներ են վերցրել՝ հույս ունենալով, որ պետության այս աջակցության ծրագրերից կկարողանան հեշտությամբ օգտվել։ Բայց, փաստացի, այսօր գյուղացիները կանգնել են մեծ խնդրի առաջ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի ղեկավար Արկադի Գրիգորյանը ևս հաստատեց, որ իրենց համայնքից եղել են գյուղացիներ, որոնք մերժում են ստացել։

«Մեր բնակիչներից եղել են, գնացել դիմել են, մերժում են ստացել, եկել ինձ են դիմել, թե բա, պարոն Գրիգորյան, բանկը մերժում է։ Մենք հիմնականում աշխատում ենք «Ակբա» բանկի հետ։ Ես զրուցել եմ աշխատակիցների հետ։ Նրանք նշեցին, որ դիմումները շատ են, հերթով նայում, պատասխաններն ուղարկում են։ Նաև հաշվի են առնում մարդկանց վարկային պատմությունը»,- ներկայացրեց Մեծ Մանթաշի գյուղապետը։

Նա հավելեց, որ բանկերի կողմից եղել է գրավի պահանջ։ «Անտոկոս վարկերի մասով մի քանի հոգի կան, որոնց ասել են՝ գույքային գրավ պետք է լինի, որ անտոկոս վարկը տրամադրեն։ Դե մարդիկ էլ, գիտեք, գյուղում տներ ունեն, գույք ունեն, որը բանկը չի վերցնում որպես գրավ։ Ասում են՝ Երևանում տուն կամ բարեկամի տուն ունեք, գրավ դրեք, որ անտոկոս վարկը տրամադրենք»,-ասաց համայնքի ղեկավարը։

Մեծ Մանթաշում հիմա գյուղատնտեսական աշխատանքների առումով կարտոֆիլի ցանքսի սեզոնն է, որը եղանակային պայմանների պատճառով հետաձգվում է։ Գյուղում պարարտանյութի խնդիր կա, ինչպես Հայաստանի բոլոր գյուղական համայնքներում։ «Դա հիմնականում կապված է բեռնափոխադրման հետ, կամաց-կամաց կարգավորվում է, մի պատոկ եկավ պարարտանյութի, հիմա սպասում ենք մյուսին։ Ամեն տարի ումից որ գնել ենք, իրենք էլ մեղք չունեն, սպասում են Վրաստանի գործարանին։ Գյուղացիներն էլ գալիս, ասում են՝ ցորենը մնաց, գարին մնաց։ Բայց կարծում եմ՝ 3-4 օրում պարարտանյութի հարցը կլուծվի։ Գումարները տվել են նախապես, ես մուծել եմ ներկրող կազմակերպություններին»,- ամփոփեց Մեծ Մանթաշի գյուղապետը։

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իրենց համայնքի բնակիչներին համապատասխան տեղեկանքները տրամադրել են բանկեր ներկայացնելու ու վարկերը ստանալու համար։ «Մեզ ովքեր դիմել են տեղեկանքի հետ կապված, մենք անարգել տվել ենք։ Իսկ թե ովքեր են ստացել, ովքեր մերժվել, չգիտենք, մեզ բանկերը չեն տալիս այդ տեղեկությունը։ Էնտեղ հատուկ տեղեկանքի ձևեր կան, տալիս ենք մեր բնակիչներին, իրենք դիմում են բանկ»,- ասաց մեր զրուցակիցը։

Իգիթյանի խոսքերով՝ իրենց գյուղերից մի քանիսում սերմացուի խնդիր կա, գյուղացիները դիմել են։ «Մեզ դիմել են Կամո գյուղից՝ սերմացուի հետ կապված, բայց մենք նման ծրագրեր այս տարի չունենք։ Այս տարի համայնքների միջոցով չեն եղել ծրագրեր, նախկինում սերմացու ներկրել ենք։ Իսկ պարարտանյութի հետ կապված՝ մատչելի էր՝ 5500 էր։ Վիրուսի հետ կապված մի պահ կտրուկ գները բարձրացան, տեղյակ չեմ, թե ազատ վաճառք կա՞ թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ էլի նվազելու է։ Պարարտանյութը հիմնականում աշնանացան ցորենի համար է անհրաժեշտ։ Ով պետք է տար պարարտանյութ, արդեն տվել է։ Հիմա կարտոֆիլի ցանքսի սեզոնն է, դեռ չի ավարտվել։ Եղանակային պայմանները թույլ չեն տալիս։ Այս դեպքում պարարտանյութը հիմնականում կուլտիվացիայի ժամանակ է անհրաժեշտ լինելու։ Դեռ ժամանակ կա»,- իր խոսքը եզրափակեց Ախուրյան համայնքի ղեկավարը։