Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանը ճիշտ է՝ Բաբկեն Թունյանն անձամբ է իր հեռախոսահամարը հնչեցրել ԱԺ ամբիոնից

Ազգային ժողովի մայիսի 8-ի նիստն արտակարգ էր, իսկ պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը՝ աննախադեպ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ապտակեց ԼՀԿ պատգամավորին, որից հետո նիստերի դահլիճում իրարանցում առաջացավ։

Մինչ ծեծկռտուքը ելույթով հանդես էր եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը, անուղղակիորեն, բութ և սրիկա էր անվանել բոլոր այն անձանց, որոնք բարձրաձայնել էին, թե Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ եղել են քաղաքացիներ, որոնք թեև բանկերում մի քանի միլիոն դրամի ավանդ ունեն, բայց սոցիալական աջակցություն ստանալու համար դիմել են կառավարությանը։

Այնուհետև Բաբկեն Թունյանը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանն» իր հեռախոսահամարն է տարածում։ «Կանգնում ասում եք՝ զանգում են Սոցիալական հարցերի նախարարություն աջակցության ծրագրերի համար, «Լուսավոր Հայաստանի» համարն են տալիս։ Ես տենց դեպք չգիտեմ, բայց ես դեպքեր գիտեմ, որ «Լուսավոր Հայաստանից» իմ համարն եք տալիս։ Զանգում են ձեզ՝ օգնե՛ք, իմ համարն ինչի՞ եք տալիս։ Ես ձեզ ավելի հեշտ տարբերակ ասեմ՝ միանգամից վերահասցեագրեք իմ համարի վրա, համ ձեր ժամանակը կխնայեք, համ ձեր էներգիան»,- ասաց Թունյանը։

Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը պնդեց, թե նրա հեռախոսահամարն իրենք չեն տարածել։ «Ասում ենք, որ մեզ զանգում են էս-էս հարցերով, գալիս եք մեծախոս ձևի, ամբարտավանությամբ ամբիոնից ասում եք` սուտ են խոսում, ոչ մեկին չեն զանգում, բան, էս էլ իմ համարն է ժողովուրդ՝ 090 ինչ, ինչ, ինչ, ինչ…դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես «Լուսավոր Հայաստա՞նն» է համարս տվել։ Մեծ մարդ ես…»,- նշեց Մարուքյանը և շարունակեց, որ երբ Թունյանն ամբիոնից սրիկա կամ նման բառեր է օգտագործում, դա լարվածություն է առաջացնում։

Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ճեպազրույցի ժամանակ Բաբկեն Թունյանը լրագրողներին խորհուրդ տվեց նայել և տեսնել, թե ինչից այդ ամենը սկսվեց։ «Ձայնագրությունը կա, ինքներդ լսեք, տեսեք ինչից սկսեց, ով անցավ անձնական վիրավորանքների և ով սադրեց այս ամենը»,- ասաց նա՝ չպատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, ԼՀԿ-ն է տարածել Թունյանի հեռախոսահամարը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք Էդմոն Մարուքյանի պնդումը, որ Բաբկեն Թունյանն ինքն է անձամբ հնչեցրել իր հեռախոսահամարը, համապատասխանում է իրականությանը, թե ոչ։

ԱԺ ամբիոնից Բաբկեն Թունյանն անձամբ է հրապարակել իր հեռախոսահամարը

Կառավարության՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային սոցիալական աջակցության ծրագրերը հրապարակելուց հետո ԼՀԿ-ն պարբերաբար հայտարարում էր, որ հազարավոր քաղաքացիներ իրենց են զանգահարում, քանի որ մարդիկ չգիտեն ինչպես դիմել աջակցության ծրագրերի։

ԼՀԿ խմբակցության պատգամավորների այս հայտարարությունից հետո իշխող ուժի պատգամավորները հեգնում էին, թե «Լուսավոր Հայաստանը» չափազանցնում է՝ քաղաքացիներն ինչո՞ւ պետք է զանգահարեն ԼՀԿ և ոչ թե իրավասու մարմիններ։

Ապրիլի 27-ին ԱԺ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ Բաբկեն Թունյանն էլ ամբիոնից առաջարկել էր անձամբ իրեն զանգահարել՝ հայտարարելով իր հեռախոսահամարը. «Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ հեռախոսահամարը հնչեցնել՝ 094-036-046, մեր բոլոր քաղաքացիները, որոնք ունեն որոշակի խնդիրներ և չեն կարողանում կապ հաստատել պատկան մարմինների կամ ինձ հետ, կարող են ուղիղ զանգահարել ինձ նման խնդիրների դեպքում»։

Այս հայտարարությունից հետո Թունյանը Ֆեյսբուքյան իր էջում, դիմելով «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին, գրել էր. «Էդ որ տարածում եք, թե Բաբկեն Թունյանը համարը հնչեցրել է ու զանգերին չի պատասխանում։ Դեմ չեք լինի՞, եթե վերջին 48 ժամում ինձ զանգահարած 115 մարդկանց փոխանցեմ ձեր խմբակցության պատգամավորներից որևէ մեկի բջջային համարը։ Ուզում են ձեզ հետ խոսել։ Մանավանդ էն մարդիկ, որոնք ձեզ դիմել են ու հարցով զբաղվելու փոխարեն՝ իմ ձեռքի համարն եք փոխանցել»։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումը, թե պատգամավոր Բաբկեն Թունյանն անձամբ է իր հեռախոսահամարը հնչեցրել ԱԺ բարձր ամբիոնից, ճիշտ է, սակայն չբացառենք, որ ԼՀԿ պատգամավորները ևս, հնարավոր է, իրենց դիմած քաղաքացիներին ուղղորդեին Բաբկեն Թունյանի մոտ։

Սկզբնաղբյուր fip.am