Search
Close this search box.

ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն ժողովրդին

Ժամանակն է, որ իշխանությունը կամք գտնի և ուժային կարևոր կառույցները՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, դարձնի նախարարություններ, որոնց ղեկավարները կնշանակվեն քաղաքական գործիչներ և հաշվետու կլինեն խորհրդարանին։ Այս և մերձ ոլորտներում ընթացող և նախատեսվող բարեփոխումները ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են։ Հետևաբար՝ այս կառույցների աշխատանքի արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման խնդիրը ազգային օրակարգի առաջին հարցերից է այսօր։

Մասնավորապես՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում անդրադառնալով Հայաստանում ընթացող փոփոխություններին, նկատեց, որ դատաիրավական համակարգի բարեփոխումները երկրի ժողովրդավարության գործում առանցքային դեր ունեն. «Երկու կառույցները, որոնք օգտագործվել են խորհրդային համակարգի կողմից սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար՝ դատաիրավական համակարգն էր և գաղտնի ոստիկանությունը: Եվ երբ երկրներն իսկապես ցանկանում են թոթափել այդ ժառանգությունը, նրանց անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը և անվտանգության ծառայությունները: Եվ երբ երկրներն այդ հարցում հաջողության են հասնում, նրանք կարող են ասել, որ լիարժեքորեն հաղթահարել են բոլշևիկյան-խորհրդային ժամանակաշրջանը»:

Ոստիկանության վերաձևումը, կարծես թե, սկսվել է։ Ապրիլի 23-ին Կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Այդու՝ կստեղծվի Ներքին Գործերի նախարարություն, որի կազմում կընդգրկվեն ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, քնչական կոմիտեն և այլ կառույցներ։ ՆԳՆ-ն, ի տարբերություն ներկայիս Ոստիկանության, հաշվետու կլինի խորհրդարանին, այդպիսով՝ ժողովրդին, և լիարժեք կառավարելի կդառնա նախարարության դերն ու ազդեցությունը հանրային կյանքում։

Նման բարեփոխումներ են ակնկալվում նաև ԱԱԾ-ում։ Չնայած ԱԱԾ-ն վերակազմակերպելու ռազմավարության մշակման մասին հրապարակված տեղեկատվություն չկա, այնուամենայնիվ այստեղ ևս թույլ առաջընթաց է նկատվում։ Եթե 2008-ի ապրիլին ԱԱԾ սենյակների պատերին կախված էր Ձերժինսկու մեծադիր նկարը, ապա 2019-ի օգոստոսին հայտարարվեց, որ ԱԱԾ-ն ՆԳԺԿ-ի և ՊԱԿ-ի իրավահաջորդը չի։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելով, ինչպես նաև՝ ժողովրդավարական բարեփոխումները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ԱԱԾ-ն ևս ձևափոխվի նախարարության և հաշվետու դառնա ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին։ Այդպիսով՝ նաև կդյուրացվի այդ կառույցները երիտասարդ կադրերով համալրումը։ Օրինակ՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ փոխելիս հարկավոր չի լինի զիգզագ նշանակումներ կատարել, անհարմար դրության մեջ դնելով նշանակողին ու կադրին։

Թաթուլ Մկրտչյան