Search
Close this search box.

Ով էր Մարուքյանին հարվածում թիկունքից

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ հեղափոխական խորհրդարանը գերազանցեց  շմայսության բոլոր ռեկորդները եւ զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցավ հենց նիստերի դահլիճում։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի հանդիմանական ելույթը՝ ուղղված իշխող ուժին, ի դեմս պատգամավոր Բաբկեն Թունյանի, թե՝ բավական է այս ամբիոնից անընդհատ նախատեք ընդդիմադիրներին, հունից հանեց իշխանականներին։

Սասուն Միքայելյանը տեղից նախ սպառնաց ցխել Մարուքյանի գլուխը, ձեռքը տարավ դիմացը դրված ջրի շշին, սակայն իր կողքը նստող Անդրանիկ Քոչարյանը հասցրեց շիշը փախցնել, ինչից հետո պատգամավորները դուրս թափեցին տեղերից եւ ով ում հասցրեց սկսեց խփել։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Իմքայլական Արտակ Մանուկյանը թիկունքից հարվածում Էդմոն Մարուքյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը ոչ միայն թիկունքից հարձակվում է Մարուքյանի վրա, այլեւ բռնում է նրա գլուխն ու փորձում քարշ տալ, սակայն Մարուքյանի կուսակիցներ Գեւորգ Գորգիսյանն ու Հրանտ Այվազյանը Ղալումյանին տապալում են գետնին ու սկսում ոտքերով հարվածել։

Ի դեպ, այս ամենը տեղի  ունեցավ կառավարության անդամների ներկայությամբ, սակայն գործադիրի ներկայացուցիչներից միայն Տիգրան Ավինյանն էր իջել իր տեղից եւ փորձում  էր բաժանել կողմերին։ Երբ կրքերը հանդարտվել էին եւ Մարուքյանը կրկին մոտեցավ ամբիոնին ելույթ ունենալու, ամբիոնից հայտարարեց․«Էն ո՞վ եկավ մեջքից թաքուն խփեց․․․ մեջքի՞ց եք խփում»։