Search
Close this search box.

Ես բժշկին խնդրում էի, որ կեսարյան հատում անի. ամուսիններն իրենց նորածնի մահվան մեջ մեղադրում են բժշկին

Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչներ, ամուսիններ Հովհաննես Մելիքյանն ու Ռուզաննա Մելոյանը իրենց նորածին երեխայի մահվան մեջ մեղադրում են Վեդիի ծննդատան բժիշկ–գինեկոլոգ Հարություն Բադալյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Ռուզաննա Մելոյանը պատմեց, որ հղիության ընթացքը նորմալ է եղել, 9 ամիսների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել:

«Ապրիլի 19-ին մեջքի հատվածում ցավեր եմ ունեցել ու գնացել եմ հիվանդանոց, ինձ ասել են, որ պետք է մնամ իրենց հսկողության տակ: Ապրիլի 20-ին բժիշկը հարազատներիս ասում է, որ երեխան այսօր անպայման կծնվի, անընդհատ հարազատներիս խաբում են, թե ուր որ է՝ կծնվի: Հետո գալիս է բժիշկ Բադալյանը, ու այդպես ապրիլի 21-ի առավոտյան նոր երեխան ծնվում է, շատ դժվարությամբ: Ես բժշկին խնդրում էի, որ ուժասպառ եմ եղել, որ կեսարյան հատում անի, կամ հարազատներիս տեղյակ պահի այդ մասին, բայց ինքը չգիտես ինչի որոշել էր, որ եերխայիս սեփական ուժերով եմ ունենալու»,- պատմեց 25-ամյա Ռուզաննան:

Նրա խոսքով` երեխայի ծնվելուց հետո ասել են, որ շնչառական  խնդիրներ ունի եւ տեղափոխել են «Մուրացանի» մանկական հիվանդանոց: Այնտեղ էլ ասել են, որ ներարգանդային թոքաբորբ ունի երեխան, շնչառական խնդիր, նաեւ գլխի խնդիր:

«Երբ հարազատներս Բադալյանին հարցրել են, թե ինչի է գլխի խնդիր առաջացել, նա ասել է, որ 15-20 րոպե երեխայի գլուխը մնացել է կոնքի հատվածում, եւ դրանից է խնդիրը: Իմ երեխան 12 օր կյանքի ու մահվան կռիվ տվեց ու այսօր իմ երեխեն արդեն չկա, իմ առաջնեկը»,-ասաց նա:

Ռուզաննան ասաց, որ ինքը հստակ ուզում է հասականալ, թե որն է պատճառը, ով էր մեղավորը, որ իր երեխան մահացավ:

Երեխայի հայրն էլ` Հովհաննեսը, ասաց, որ իրենք հաղորդում են ներկայացնելու Ոստիկանություն եւ հետեւողական են լինելու, որ մեղավորները պատժվեն:

«Ես երեխա եմ, կորցրել ու չեմ ցանկանա, որ իրենց պատճառով որեւէ մեկը մեր վիճակում հայտնվի, ցանկանում եմ որ նախարարն ու վարչապետը ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- ասաց Հովհաննեսը: