Search
Close this search box.

Բենզինի և հեղուկ գազի գները կրկին նվազել են

Բենզինի և հեղուկ գազի գները կրկին նվազել են. ռեգուլյար տեսակի բենզինն այժմ արժե 280 դրամ՝ նախկին 310-ի փոխարեն, պրեմիում տեսակի բենզինը՝ 300 դրամ՝ նախկին 330 դրամի փոխարեն, իսկ հեղուկ գազի գինը դարձել է 100 դրամ՝ նախկին 200 դրամի փոխարեն:

Նկատենք, որ շուրջ երկու ամիս է ինչ վառելիքի այս տեսակների դեպքում գնանկում է նկատվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ շուկան պարբերաբար ուսումնասիրում են. «Հանձնաժողովը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել կենտրոնացվածության բարձր մակարդակ և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները, որոնց թվին են դասվում նաև «Բենզին» և «Դիզելային վառելիք» վառելիքի ապրանքային շուկաները։

Ուստի, հանձնաժողովը հետևողական վերահսկողություն է իրականացնում ինչպես վերոգրյալ ուսումնասիրությունների արդյունքում վեր հանված հնարավոր խնդիրների կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքների կատարման նկատմամբ, այնպես էլ շարունակում է հետևել վառելիքի շրջանառության ոլորտում գների փոփոխության դինամիկային, հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման, մասնավորապես՝ չհիմնավորված գների բարձրացման, իջեցման կամ պահպանման տեսանկյունից»,- ասացին ՏՄՊՊՀ-ից։

Նշենք, որ բենզինի համաշխարհային գների անկումը բացատրվում է կորոնավիրուսի պատճառով վառելիքի այս տեսակի պահանջարկի նվազմամբ, քանի որ մարդկանց շարժը նվազել է, մեքենա չեն վարում, ինչով պայմանավորված էլ բենզինի պահանջարկը նվազել է։ Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն ապրիլի վերջին արձանագրել էր նաև դիզելային վառելիքի գների նվազում, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Սակայն դիզվառելիքի դեպքում գնիջեցումը այնքան շատ չէ, որքանով բենզինի դեպքում, քանի որ ի տարբերություն բենզինի՝ դիզվառելիքն այս ընթացքում օգտագործվում էր բազմաթիվ ոլորտներում. գյուղատնտեսությունում, բեռնափոխադրումներ իրականացնելիս և այլն։