Search
Close this search box.

Պայքարը թեժանում է. ինչ է լինելու վարչապետի ռազմավարությունը

Առաջիկայում պատրաստվում եմ ներկայացնել ազգային համախմբման, ազգային գաղափարախոսության ռազմավարության նախագիծ դնելով այն համահայկական քննարկման, ապրիլի 24-ին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայության համար ողբերգական տարելիցի, միաժամանակ այլևս երբեք այդօրինակ ողբերգություն չունենալու համար անհրաժեշտ որակի պետություն ունենալու խնդրի մասին: Ինչ է նշանակում ազգային համախմբում: Որքան քաղաքական ուժեր, գործիչներ, մտավորականներ են խոսել այդ մասին, որքան կենացներ են հնչել թե պաշտոնական ելույթների, թե նաև հենց քաղաքացիների խնջույքների ընթացքում, բայց միևնույն ժամանակ որքան չբացատրված, չստուգաբանված, չկազմավորված հասկացություն է ազգային համախմբում ասվածը: Ինչ ենք մենք պատկերացնում այդ արտահայտության ներքո:

Ակնառու է, որ այստեղ պատկերացումները խիստ տարբեր են, կամ ինչպես ասում են՝ այդ հարցում էլ ճաշակին ընկեր չկա: Եվ այստեղ իհարկե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը մի կողմից անհրաժեշտ, կարևոր, մյուս կողմից նաև բավականին համարձակ է՝ ներկայացնել, թե ինչ է ինքը պատկերացնում ազգային համախմբում, համազգային ներուժի համախմբում ասվածի տակ և ըստ այդմ ինչպես է պատկերացնում դրան գնալու ճանապարհային քարտեզը: Սակայն մինչ վարչապետը կներկայացնի իր այդ ռազմավարությունը, ապրիլի 24-ից հետո, Հայաստանում կտրուկ թեժացել է քաղաքական իշխանության և նախկին իշխող համակարգի կառավարման տարիներին ձևավորված բիզնես-կայսրությունների հարաբերությունը:

Մենք տեսնում ենք թեժ բանավեճ և հակադրություն մի քանի ուղղությամբ, և տեսնում ենք նաև իշխանության աննախադեպ կոշտ ու ուղիղ ձևակերպումներ սեփականության տնօրինման առնչությամբ: Ո՞րն էր կտրուկ բռնկման շարժառիթը, բուն մոտիվը, եղել է որևէ պայմանավորվածության խախտու՞մ, և ո՞ր կողմից, թե՞ պարզապես եղել են ավելի ուժեղ քաղաքական ազդակներ դրսից, որոնք էլ սրել են ներքին իրավիճակը:

Նկատելի է, որ սրված իրադրությունը հաջորդել է ՌԴ արտգործնախարա Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարություններին, որոնք Հայաստանում ընկալվեցին քաղաքական իշխանության դեմ գրոհի կամա, թե ակամա ազդանշան: Մյուս կողմից սակայն, ինչպիսին էլ լիներ ազդանշանը, ինչպես ասում են՝ ծուխն առանց կրակ չի լինում, և ուրեմն կա խոշոր կապիտալի, բիզնես-կայսրությունների և քաղաքական ղեկավարության միջև խնդիրը, որ այն բռնկվում է որևէ արտաքին կամ այլ ներգործությունից կամ ազդակից: Իսկ դա հարց է, որն առնչվում է Հայաստանում քաղաքականության հիմքին, նաև հետհեղափոխական քաղաքական ստատուս-քվոյին: Ընթանում է դրա ձևավորման բավականին կոշտ գործընթաց և այստեղ էլ առաջանում է հետաքրքիր հարցը՝ համազգային համախմբման իրապես կարևորագույն նախաձեռնությունը լինելու է այդ գործընթացում կոնսենսուսային լուծումների, մրցակցության փոխադարձաբար ընդունելի խաղի կանոնների շուրջ համաձայնության առաջա՞րկ, թե՞ քաղաքական ղեկավարությունը առաջ քաշելով կարևորագույն խնդիրը և ռազմավարական անհրաժեշտությունը, այդուհանդերձ դա ներառելու է ներքին պայքարի իր զինանոց:

Գործնականում, հաջողված և հանրային քննարկման արժանանալիք ռազմավարությունն այսպես, թե այնպես համալրելու է կառավարության քաղաքական կապիտալը, դա աներկբա է: Ամբողջ հարցն այն է, թե ինչ նպատակադրումով է հանրությանը հրամցվելու ռազմավարությունը, որովհետև ակնառու է, որ այն ենթարկվելու է խորքային քննադատության թե Հայաստանում, թե սփյուռքում, հաշվի առնելով այն, որ այստեղ տարբեր սուբյեկտներ մի կողմից ունենալով մեծ ներուժ, մյուս կողմից ունեն ներկայիս իշխանությունից տարբերվող քաղաքական շահեր:

Ըստ այդմ, անկասկած է, որ այդ դաշտում էլ առնվազն լինելու է հարցը՝ վարչապետի ներկայացրած ռազմավարությունը դիտարկվելու է այդ շահերից վեր պրիզմայով, թե՞ այդ շահերի արանքից:

Նյութի աղբյուր` 1in.am