Search
Close this search box.

ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը

Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները:

ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ Ucom ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանն ու նշել, որ ճնշումներին տեղի չենք տալու ու Ucom-ը չի վաճառվելու։

Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք է առաջադրվել Գ. Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։