Search
Close this search box.

Ադրբեջանում զինապահեստի պայթյունից վեց մարդ է վիրավորվել

Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի արդյունքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունում։

«Վեց մարդ թեթև բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի աշխտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում՝ չհստակեցնելով, թե վիրավորները զինվորական են, թե քաղաքացիական անձինք։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի արդյունքում դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։

«Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի մի քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ», — հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով շրջանի իշխանություններին։

Ավելի վաղ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում հրդեհի արդյունքում պայթյուն է որոտացել։ Հայտարարվել է պատահարի վայրին մոտ գտնվող Գիլյազի, Սլատչայ և այլ բնակավայրերիբնակիչների տարհանում։

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությունը ամբողջապես սահմանափակել է տրանսպորտի երթևեկությունը պայթյունի շրջանում։ Արգելափակվել է դեպի ադրբեջանա-ռուսական սահման տանող ճանապարհի մի մասը։ Շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ դեպքի վայրին հրդեհի պատճառով։