Search
Close this search box.

Սեդրակ Առուստամյանի նկատմամբ մեղադրանքը որևէ իրավական հիմք չունի. փաստաբան

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ապրիլի 23-ին ձերբակալել են «Մուլտի գրուպ» կոնցերնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը ArmLife.am-ի հետ զրույցում ասաց, որ ձերբակալումը բողոքարկել են, հարցին, թե ի՞նչ հիմքով են ձերբակալել և ինչո՞ւ այսպես հապճեպ, փաստաբանը պատասխանեց.

«Հապճեպությունը կարող են պատասխանել պետական մարմինները, մենք ներկայացրել էինք բողոք ձերբակալման դեմ, իրենք երեկ ներկայացրեցին կալանավորման միջնորդություն, բնականաբար դրան նախորդում է մեղադրանքի առաջադրումը: Իսկ մեղադրանքը անհեթեթ է՝ ըստ էությամբ: Իմ գնահատականն է սա ՝ մարդուն մեղադրում են գրավոր փոխառության պայմանագրով տրված գումարի տոկոսները չստանալու  համար: Ասում են՝  «խի չես ստացել քո տոկոսով տված գումարը»»,-նշեց փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ մեղադրանքը որևէ իրավական հիմք չունի:

Հարցին՝ քրեական գործում քաղաքական որևէ մոտիվացիա տեսնո՞ւմ եք, փաստաբանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանը քաղաքական դեմք չի, ինքը գործարար է, հետևաբար չի ուզում գործը կապել քաղաքականության հետ, սակայն ընդգծեց. «էս մեղադրանքի և ընթացակարգի մեջ իրավաբանություն գոյություն չունի»:

Իսկ հնարավո՞ր համարում եք, որ Սեդրակ Առուստամյանի ձերբակալմամբ փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա, փաստաբանը նշեց. «Ասեմ չէ, էդ կանոնները մենք չանցնեք, այդպիսի բան չեմ կարող ասել»:

Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Մեզ ձեռ է տալիս անաչառ և օբյեկտիվ որոշում՝  զուտ իրավաբանական փաստերի վրա հիմնված, որը ակնհայտ մեր օգտին կլինի, բարենպաստ կլինի մեր համար»:

Ճշտող հարցին, թե այն փաստերը, որոնք ներկայացրել եք՝ համարում եք ծանրակշիռ, փաստաբանը Հովիկ Սուքիասյանը պարզաբանեց. «Ոչ թե մեր ներկայացրած փաստերը, այլ իրենց ներկայացված  փաստերն են դատարկ, հին մեղադրանքը պետք է ապացուցի մեղադրող կողմը: Մեղադրանքի հիմքում դրված փաստեր չկան, այդպիսի փաստ՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի»:

Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ քրեական գործը, որի շրջանակներում Առուստամյանը ձերբակալվել է, առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, ով այժմ նույնպես ձերբակալված է։

ArmLife.am