Search
Close this search box.

Շատերը նայում են աչքերիդ՝ հուսալով, որ մի օր նորից կհանդիպենք առանց դիմակների. իտալուհի բուժքույրը նկարագրել է Covid-19-ով հիվանդների հետ շփման հուզական ազդեցությունը. CNN

Հռոմի Ջեմելի հիվանդանոցի բուժքույր Լուսիա Դարիոն պատմել է, թե ինչ պաշտպանիչ միջոցառումներ են ձեռնարկում բուժաշխատողները և ինչ են զգում հիվանդներին խնամելիս:

«Ամբողջ մարմինը պաշտպանող հանդերձանքը ստիպում է քրտնել, իսկ երեք զույգ ձեռնոցը մեկը մյուսի վրայից հագնելիս, ինչը պարտադիր է պաշտպանության համար, անհարմար ես զգում: Սակայն ամենաբարդը գիտակցելն է, որ ավելին չես կարող անել»,- բուժքրոջը մեջբերում է CNN-ը:

Վերջինս հայտնել է, որ Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման առաջին մի քանի օրերից հետո ավարտելով հերթափոխը՝ նա նստել է իր մեքենայում և լաց եղել՝ իրեն անօգտակար զգալով:

«Մեկուսացման սենյակներն ասես բունկերներ լինեն, զուգահեռ իրականություններ»,- ասել է Դարիոն: Նա և նրա գործընկերները միակ մարդիկ են, ում հետ կարողանում են շփվել մեկուսացման մեջ գտնվող հիվանդները:

Բուժքույրերը հաճախ են լսում, թե ինչպես են հիվանդները լաց լինում, հազում և աղոթում: «Նրանցից շատերն ուղղակի նայում են աչքերիդ՝ հույս ունենալով, որ մի օր նորից կհանդիպենք միմյանց առանց դիմակների»,- պատմել է իտալուհի բուժքույրը:

Նրա հուշերում շատ են նաև մահացող հիվանդների խնդրանքները: «Մահացող հիվանդներից մեկը խնդրել է իր հետ աղոթել վերջին անգամ, որից հետո տարեց կինը մահացավ միայնակ՝ իր ընտանիքից հեռու»,- հիշում է Դարիոն: