Search
Close this search box.

Լրատվական կայքերում կսահմանափակվի վիճակախաղերի գովազդը. տուգանքը՝ մինչև 1 մլն դրամ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը։

«Գովազդի մասին» գործող օրենքի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին:

«Հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին որակելու կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյունից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն

«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ խախտումների համար ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը կարող է նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով տուգանել գովազդատուին, գովազդ արտադրողին, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարներին։ Գործող օրենքով տուգանքի չափը մինչև 100-ապատիկ է։