Search
Close this search box.

Փաշինյանի անակնկալը, դուստրերի գաղտնիքներն ու կարանտինը. Աննա Հակոբյանն անկեղծացել է

Ինչո՞ւ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը որոշել լրագրող դառնալ, ո՞վ է ավելի խիստ ծնող, ինչպես է կորոնավիրուսը փոխել իրենց առօրյան. Աննա Հակոբյանն այս և մի շարք այլ հարցերի է պատասխանել Sputnik Արմենիայի «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

—Տիկին Հակոբյան, համավարակը բոլորի կյանքում փոփոխություններ է մտցրել.  տներում փակված մարդիկ հաճախ դժգոհում են, որ ձանձրանում են, կարոտում հարազատներին ու ընկերներին։ Ձեր ընտանեկան առօրյայում ի՞նչ է փոխվել այս օրերին։
-Համաճարակի օրերին մեր ընտանիքը նույնպես հետևում և կատարում է այն բոլոր հորդորները, որ հնչում են պատկան մարմինների կողմից։  Թե՛ ես, թե՛ աղջիկները տնից դուրս չեն գալիս։ Շուշանը տնից է դաս անում, Մարիամը տնից է աշխատում, ես ու Արփին էլ ամբողջ օրը անցկացնում ենք միասին, միասին ճաշ ենք պատրաստում և սպասում հայրիկի վերադարձին։ Այս օրերին իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, սակայն համաճարակը մեծ մարտահրավեր է, քանի որ չենք կարողանում տեսնել տատիկներին, պապիկին, կարոտում ենք մեր հարազատներին, ընկերներին։ Մեկուսացումը դժվար մարտահրավեր է, բայց մենք աշխատում ենք դրական տրամադրության մեջ մնալ և զբաղմունքներ գտնել։

– Այս օրերին Ձեզ` որպես ընտանիքի մոր, ի՞նչն է առավել անհանգստացնում։
– Համաճարակի հետ կապված` որպես կին, բնականաբար, ամենամեծ անհանգստությունն այն է, որ իմ ամուսինը հետհամաճարակային օրերին բախվելու է լուրջ խնդիրների։ Որպես մայր` ես միշտ անհանգիստ եմ այն սեզոններին, երբ սուր շնչառական հիվանդությունները լայն տարածում են ունենում, ու պարտադիր երեխաները դպրոցից կամ մանկապարտեզից վարակը բերում են, հիվանդանում են, ջերմում են։ Յուրաքանչյուր մոր պես ինձ համար էլ այդ օրերն ամենաբարդ շրջաններ են։ Հիմա ավելի շատ եմ անհանգիստ՝ կապված այս համաճարակի հետ։ Սակայն միաժամանակ վստահ եմ, որ այս դժվարությունն էլ ենք պատվով հաղթահարելու՝ շնորհիվ մեր բժիշկների և մեր համախմբվածության։

– Վստահ եմ, որ այս օրերին նաև շատ եք կարդում։  Բայց բոլորն ունեն սիրելի գիրք, որին անդադար վերադառնում են։ Ձեր սեղանի գիրքը ո՞րն է։

–  Այո, կարդալ սիրում եմ։ Գիրքը, որից կախվածություն ունեմ, ամեն անգամ վերընթերցում եմ ու փորձում եմ հասկանալ` ինչ կատարվեց ինձ հետ, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունն» է։

– Այժմ Դուք երկու բարեգործական հիմնադրամի աշխատանքներն եք համակարգում։ Հոգեբանորեն դժվար չէ՞։

– Աշխատանքը բավականին էմոցիոնալ է։ «Ժպիտների քաղաքի» աշխատանքն ինքնին հուզիչ է, քանի որ հիվանդություն ունեցող երեխաների է առնչվում։ Երեխաների հետ աշխատանքում ամենադժվարը հենց հիվանդության փաստի հետ դեմ դիմաց կանգնելն է։ Դա մի բան է, որին չես կարող ընտելանալ, ու դա պարտավորեցնում է, որ ամեն բան անես յուրաքանչյուրին առանձին ու բոլորին միասին օգնելու համար։

Այս հիմնադրամում խնդիր ենք դրել, որ որևէ ընտանիք, հիվանդ երեխա չպետք է մնա առանց համապատասխան ու պատշաճ բուժման։ Այս պահին երկու նոր նախագիծ ենք սկսել` Family house ենք կառուցում, որպեսզի շահառուների ծնողներն այնտեղ բնակվեն, քանի որ երեխաների մեծ մասը մարզերից են։ Նաև Պալիատիվ բաժանմունք ենք կառուցում, որը շատ կարևոր է հոգեբանական իմաստով։

Իսկ «Իմ քայլը» հիմնադրամում տարբեր մարդկանց պատմություններ են, որոնք հաճախ տակնուվրա են անում մարդու ներսը, ու պարտադիր չէ, որ բացասական ֆոն ունենան։ Լինում է, որ հուզմունքը ուրախությունից կամ աշխատանքի բավարարվածությունից է կամ դրական արդյունքից։

– «Հայկական ժամանակ» թերթում որպես խմբագիր դեռ Ձեր անունն է նշվում, հասցնո՞ւմ եք հետևել խմբագրական աշխատանքներին և խորհուրդներ տալ։
-Դժբախտաբար, ոչ։ Արդեն վաղուց չեմ հասցնում։ Ուղղակի հոգեբանորեն դեռ չեմ կարողանում առհասարակ հրաժարվել գլխավոր խմբագրի կարգավիճակից։ Անընդհատ թվում է, որ հետդարձի ճանապարհը շատ մոտ է, ու ես շուտով կվերադառնամ։ Այնտեղ խմբագրակազմն ինքնակազմակերպվում է, լրագրողները շատ պատասխանատու են ու շարունակում են աշխատել առանց ինձ անհանգստացնելու։ Շատ հազվադեպ, երևի վերջին մեկ տարում երկու կամ երեք հարցով են դիմել` անել կամ չանել, այսպես անել, թե այնպես։

– Լրագրողների հետ շփելիս երբեմն չե՞ք կարոտում լրագրողական գործունեությունը, կամ չե՞ն եղել դեպքեր, որ Ձեզ հարց ուղղելուց հետո մտածեք` այդ հարցը Դուք այլ կերպ կձևակերպեիք։

-Միշտ ու շատ եմ կարոտում։ Հարցը այլ կերպ ձևակերպելու մասին չեմ մտածել, երբ հակառակ կողմում ես, սկսում ես մտածել քո պատասխանների մասին։ Բայց եղել են իրավիճակներ, երբ մտածել եմ, թե միջավայրից, մթնոլորտից կամ իրադարձությունից ինչպիսի նյութ կգրեի։ Դա հաճախ է լինում։

– Պարզ է, որ հիմա ավելի քիչ ազատ ժամանակ ունեք, հասցնո՞ւմ եք զբաղվել տան գործերով, ինչ–որ բան պատրաստել։
– Այո, սիրում եմ պատրաստել և շատ հաճախ եմ անում դա։ Եթե այց կամ գործուղում չկա, ապա ամեն երեկո միասին ենք ընթրում։ Ես, Շուշանն ու Արփին պատրաստում ենք և սպասում աշխատանքից ուշ վերադարձող հայրիկին ու Մարիամին։ Հանգստյան օրերին անպայման ինչ–որ բան ենք եփում ամբողջ ընտանիքի համար։ Միշտ չէ, որ հասցնում եմ «լուրջ» ուտեստներ պատրաստել, բայց երբեմն պատրաստում եմ ընտանիքի անդամների սիրած ուտեստները։

– Որո՞նք են դրանք։
– Իրենք իմ պատրաստած տոլման են սիրում։ Մարիամը բորշչ է սիրում։ Վարչապետը իմ պատրաստած ամեն ինչն է սիրում։ Վերջին շրջանում շատ հաճախ իր ցանկությամբ պատրաստում եմ ամենաթեթև ապուրը` սարյանական գույներով, կանաչեղենով և գազարով։ Արփիի համար կանաչին պարտադիր հանում ենք։

– Կպատմե՞ք ավագ դուստրերի հետ հարաբերությունների մասին։ Ընկերուհինե՞ր եք, թե՞ խիստ մայրիկ։
-Բարդ հարց է, որովհետև ինձ թվում է, որ կարողանում եմ երկուսը մեկում մեկտեղել։ Միևնույն ժամանակ այն դեպքերում, երբ պետք է լինել խիստ մայրիկ, այդպես եմ ինձ դրսևորում։ Թե՛ Մարիամի, թե՛ Շուշանի և թե՛ Արփիի հետ բավականին լուրջ ընկերական հարաբերություններ ունենք` հավասարը հավասարի սկզբունքով։ Դա մեր սկզբունքն է `երեխաներին ընդունել որպես կայացած անձնավորություն և հարգել։

– Իրենց գաղտնիքները պատմո՞ւմ են Ձեզ։
– Այո, չկա գաղտնիք, որ ես չիմանամ։ Եղել է դեպք, որ քույրիկներով միմյանց հետ են քննարկել, բայց միևնույնն է` որոշ ժամանակ անց ես իմացել եմ։

– Իսկ Աշոտի` Արցախում ծառայելու որոշմանը ինչպե՞ս վերաբերվեցիք, ներքին մտավախություններ չունեի՞ք։

– Ամբողջ կյանքում պատրաստ եմ եղել, ու տանը երբեք չի քննարկվել նրա բանակում ծառայելուց խուսափելու ինչ–որ տարբերակ։ Հստակ էր` 18–ը լրացավ, պետք է գնա բանակում ծառայելու։ Իմ զգացողությունները ճիշտ այնպիսին են, ինչպիսին յուրաքանչյուր մայրիկինն է, որի որդին ծառայում է բանակում։ Դա շատ դժվար է, բայց մենք պետք է այնքան ուժ ունենանք, որ այդ ընթացքն ավարտվի ու հպարտանանք մեր որդիներով։

– Դո՞ւք եք ավելի խիստ ծնող, թե՞ վարչապետը:
– Վարչապետը շատ ավելի խիստ է։ Հայկական ընտանիքներում հայրիկներից սաստվում են, նույնը նաև մեր տանն է։ Եթե ես մի բանը մի քանի անգամ ասեմ, ու նրանք չանեն, վերջում օգնության է գալիս «հիմա պապային կասեմ» արտահայտությունը։ Բոլորը լսող են դառնում, հատկապես` Արփին։

– Վարչապետի ուղիղ եթերների ժամանակ հաճախ տեսնում ենք Արփիին, որն ուզում է ինչ–որ բան հարցնել կամ էլ գուցե խաղալ հայրիկի հետ։ Ավագներին հոր կարգավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու կարիք չկա, իսկ Արփիի մոտ հարցեր չե՞ն առաջանում։
– Արփիի դեպքում արգելքներ կիրառում ենք, բայց դրանք պայմանավորված չեն հայրիկի վարչապետ լինել–չլինելով։ Արփին շատ նորմալ է վերաբերվում ցանկացած սահմանափակման, ու նրա մոտ հարց չի առաջանում, թե ինչով է դա պայմանավորված։ Նա մեծանում է իր տարիքին համապատասխան նորմալ միջավայրում, մանկապարտեզ է հաճախում երկու տարեկանից սկսած։ Նրա կյանքում ոչինչ չի փոխվել։ Արփիի ընկերուհին է գալիս մեր տուն, ինքն է գնում նրա տուն։ Լրիվ նորմալ շփման մեջ է, ու հարցեր երևի չեն առաջանում։ Ենթադրում եմ` գիտի, որ հայրիկն ինչ–որ կարգավիճակ ունի, բայց լավ չի հասկանում, թե դա ինչ է։ Ինքը շատ խելացի, շատ խոհուն երեխա է։ Ամեն ինչ ուսումնասիրում է։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում