Search
Close this search box.

«Ուրախ եմ տեղեկացնել…». ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կոչը

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականությունը պլանավորելիս առավել կարևորում ենք տարածման ինտենսիվության գործակցի (temporal reproduction number)` Rt-ի վարքագիծը և դրա արժեքի արդյունավետ կառավարումը:

Գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել: Որքան բարձր է այդ գործակիցը, այնքան շատ թվով մարդկանց է 1 անձը վարակում: Եթե գործակիցը չի ստացվում նվազեցնել, վարակի տարածումն անընդհատ ավելի բարձր տեմպով է զարգանում: Հենց այս հիմքով են ամբողջ աշխարհում սոցիալական հեռավորության պահպանումը և միջանձնային շփումների սահմանափակումը համարվում վարակի տարածման դեմ պայքարի կարևոր միջոցներ:

Ուրախ եմ տեղեկացնել, որ մարտի 25-ից կիրառվող՝ անձանց տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության մի շարք տեսակների ժամանակավոր սահմանափակումների շնորհիվ ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից և հասցնել այն 1,4-ի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին ու սահմանափակումներին: Պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել՝ այն հասցնելով 1-ից ցածր արժեքի: Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում կկարողանանք հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի:

Այսպիսով, սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ կոչ եմ անում գալիք շաբաթ լինել առավել կարգապահ և, այդպիսով, ձեր դերն ունենալ վարակի տարածումը կանխարգելելու կարևոր գործում»: