Search
Close this search box.

Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հայ երիտասարդին․ վերջինս հացադուլ է հայտարարել

1in.am-ը գրում է. 2020 թվականի մարտի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին ինքնակամ ներկայացել է ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանը:

1990 թվականին ծնված Միսակ Լազարյանը հաշվառված է ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում և սպանության համար՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, հետախուզվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից:

Միսակ Լազարյանին Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի դեկտեմբերի 22-ին մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ ենթադրաբար սպանել է Ադրբեջանի Զումուրխաչ գյուղի բնակիչ Ջաբար Ալիևին:

ՀՀ իրավապահներին ներկայացած Մ. Լազարյանը հայտնել է, որ ինքը չի սպանել Ջ.Ալիևին, սակայն տեղյակ է դեպքից և պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում համապատասխան վարույթ սկսելու դեպքում պատմել ամբողջ իրականությունը և պատասխանատվություն կրել ՀՀ օրենքներով:

Ըստ Մ. Լազարյանի՝ ադրբեջանցի Ջ.Ալիևի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառն այն է եղել, որ վերջինս ռասսայական, ազգային և կրոնական շարժառիթներով հայ ազգի նկատմամբ պարբերաբար դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչն արտահայտվել է նրա կողմից պարբերաբար հայ ազգի ինքնությունը վիրավորող և հայ ազգի նկատմամբ թշնամական տրամադրվածություն ստեղծող հրապարակային կոչեր հնչեցնելով ու տարածելով:

Ինչպես հայտնեց Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանը, իր պաշտպանյալը ինքնակամ ներկայանալու օրը ձերբակալվել է, իսկ երեք օր անց՝ 2020 թվականի մարտի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատախազության միջնորդությունը բավարարելով՝ Լազարյանի նկատմամբ կիրառել է ժամանակավոր կալանավորում՝ 40 օրով, որի ընթացքում Ռուսաստանից ստացված հանձնման պահանջի հիման վրա նա պետք է հանձնվի ՌԴ իրավապահներին:

2020 թվականի ապրիլի 1-ին ՀՀ դատախազությունը միջնորդել է Մ.Լազարյանին երկու ամիս ժամանակով կալանավորել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ապրիլի 2-ին, ըստ փաստաբանի՝ անհիմն կերպով, բավարարել է դատախազի բերած միջնորդությունը:

Փաստաբան Արկադյա Գևորգյանը նշեց, որ դատախազության ներկայացրած միջնորդությունն անհիմն էր, քանի որ իր պաշտպանյալ Մ. Լազարյանը թաքնվելու կամ քննությունից խուսափելու որևէ մտադրություն չունի, մարդն ինքնակամ է ներկայացել իրավապահներին, պատրաստակամ է ՀՀ օրենքներով իր հայրենիքում պատասխանատվության ենթարկվել, եթե գործի քննության արդյունքում հաստատվի իր մեղավորությունը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Մ. Լազարյանն արդեն 15 օր հացադուլի մեջ է, նա վատառողջ է և կորոնավիրուսի տարածման ներկա արտակարգ պայմաններում նրա կյանքին ու առողջությանը իրական վտանգ կարող է սպառնալ:

Փաստաբան Արկադյա Գևորգյանը շեշտեց, որ ներկայումս ՀՀ դատարանները տարբեր գործերով որոշումներ են կայացնում կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի՝ 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած զեկույցը, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև անազատության մեջ գտնվող անձանց խնդրին:

Փաստաբանն ընդգծեց. «ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով սահմանված կարգի համաձայն, այո, Միսակ Լազարյանը որպես ՌԴ քաղաքացի ենթակա է հանձնման: Սակայն եթե Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ բարձրագույն ղեկավարության, ցանկանա տեր կանգնել մեր երիտասարդ հայրենակցին, ապա կա հնարավորություն, որ ազգային հողի վրա ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսակ Լազարյանը չհանձնվի այլ պետության և իր կատարած արարքի համար պատասխանատվություն կրի ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:

Փաստաբանը մատնանշեց, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքն ընձեռում է նման հնարավորություն, և Միսակ Լազարյանին Հայաստանի Հանրապետությունում ապաստան տրամադրելու դեպքում վերջինս չի կարող հանձնվել ՌԴ իրավապահներին, նա իր կատարած արարքի համար պատասխանատվություն կկրի Հայաստանում:

Փաստաբան Ա. Գևորգյանը տեղեկացրեց. «Ես, որպես Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, 2020 թվականի մարտի 12-ին դիմել եմ ՀՀ Միգրացիոն ծառայություն: Միսակ Լազարյանի ստորագրությամբ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու խնդրանքն էլ 2020 թվականի մարտի 13-ին է հանձնվել ՀՀ Միգրացիոն ծառայություն և ներկայումս առկա է վարույթ՝ նրան ապաստան տրամադրելու վերաբերյալ»:

Փաստաբանն ընդգծեց, որ իր պաշտպանյալ երիտասարդը՝ Միսակ Լազարյանը, իր էությամբ հանցագործ չէ, հանցավոր հակումներ չունի, ոչ էլ հանցավոր ենթամշակույթի կրող է: «Միսակը պարզ ու հասարակ հայորդի է, նա իր ընկերների հետ թույլ չի տվել, որ ադրբեջանցի Ալիևը վարկաբեկի ու նվաստացնի տեղաբնակ հայերին: Ընդ որում՝ Ալիևը մահացել է հենց իր մոտ եղած զենքից, որով հարձակվել էր հայ երիտասարդների վրա… Միսակ Լազարյանի նպատակը արդարադատությունից խուսափելը չէ, այլ՝ որ կատարվածին ճիշտ իրավական գնահատական տրվի ու դրան համապատասխան՝ պատասխանատվություն սահմանվի: Նա վստահ չէ, որ դրան հնարավոր կլինի հասնել իրեն Ռուսաստանին հանձնելու դեպքում…»:

Ինը տարի առաջ կատարված ռուսաստանյան դեպքը հակիրճ՝ հետևյալն է. 2011 թվականի դեկտեմբերին ՌԴ Ամուրի մարզի Ռայչիխինսկ քաղաքում մի խումբ ադրբեջանցիներ կռիվ էին հրահրել հայ ընտանիքի պատկանող ռեստորանում: Հայ երիտասարդները մեծ ջանքերի գնով նրանց դուրս են բերել ռեստորանից: Ռեստորանի փակվելուց հետո ադրբեջանցիների զինված խումբը հարձակվել է հայերի վրա, դանակահարվել է մի հայ: Ադրբեջանցիներից մեկի մոտ եղած զենքը խլվել է, դրանով էլ սպանվել է Ալիևը: Այս գործով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ևս մի հայ երիտասարդ, որի գտնվելու վայրը հայտնի չէ:

Ըստ պաշտպանի՝ Մ. Լազարյանը 2012 թվականից գտնվել է Հայաստանում: Նա բնակվել է տարեց տատիկի հետ, մինչև ձերբակալման օրը իրականացրել է 80-ն անց տատիկի խնամքը:

Փաստաբանն ընդգծեց. «Ալիևի սպանության դեպքը ՀՀ իրավապահների կողմից քննության առարկա դառնալու դեպքում կբացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Միսակ Լազարյանը պատրաստ է այստեղ կրել դատական ակտով սահմանված համապատասխան պատիժը, սակայն նրան ՌԴ-ին հանձնելու դեպքում, հատկապես համաշխարհային համավարակի այս արտակարգ իրավիճակում, վտանգի տակ կդնենք մեր հայրենակցի կյանքն ու առողջությունը: Հավելեմ նաև, որ Մ.Լազարյանին վերագրվող դեպքի կապակցությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի շրջանանկերում մինչև 2019 թ. հունվար ամիսը հետախուզման մեջ գտնվող Մ.Լազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել չհեռանալու մասին ստորագրությունը: Միայն այն բանից հետո, երբ որպես հետախուզվողի՝ Մ.Լազարյանին հայտնաբերել է ՀՀ ԱԱԾ-ն և այդ մասին հայտնել է ՌԴ իրավապահներին, նոր միայն Մ.Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը այնտեղ փոփոխվել ու կիրառվել է կալանավորումը: Այսինքն, Մ.Լազարյանին հայտնաբերելու կամ վերջինիս նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց կիրառելու հարցում ՌԴ իրավապահների կողմից ի սկզբանե չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն, մինչդեռ ՀՀ իրավապահների կողմից արվել և ներկայումս էլ արվում է ամեն ինչ՝ ադրբեջանցու սպանության համար մեղադրվող մեր հայրենակցին ձերբակալելու և ՌԴ իրավապահներին հանձնելու համար…»:

Փաստաբանը հիշատակեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ կողմից հետախուզման մեջ գտնվող նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ՌԴ-ն մինչ օրս չի արտահանձնում, ոչ էլ կալանավորում է իր տարածքում…

Փաստաբան Ա. Գևորգյանը հայտնեց, որ Միսակ Լազարյանի հարցով դիմել են ՀՀ Վարչապետին, Գլխավոր դատախազին ու մի շարք այլ կառույցների ղեկավարների, որպեսզի աջակցեն մեր հայրենակցին հնարավորինս շուտ ՀՀ-ում ապաստան տալու հարցում:

«Միսակ Լազարյանը, նրա հարազատներն ու պաշտպանական կողմը լիահույս են, որ նա չի արտահանձնվի Ռուսաստանին, նրա գործի բազմակողմանի քննությունը կիրականացվի ու դատական ակտը կկայացվի Հայաստանում: Հակառակ դեպքում հայ երիտասարդի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքը կդրվեն իրական վտանգի տակ: Չմոռանանք նաև աշխարհով մեկ, այդ թվում՝ Ռուսաստանում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի մասին: Մեր իրավապահները հայ երիտասարդին ռուսաստանյան կալանավայր ուղարկելու, նրա կյանքը վտանգելու քայլ չպետք է կատարեն»,- ասաց Միսակ Լազարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արկադյա Գևորգյանը:

1in.am