Search
Close this search box.

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը տարածել է հայտարարություն

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Ի պատասխան Ձեր կողմից հնչեցվող որոշ հարցադրումների՝ նշենք, որ դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։

Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։ Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Այս մասին նշել էինք նախորդ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»: