Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Գերեզմաններ՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար

Համացանցում հայտնված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Բրազիլիայի ամենամեծ գերեզմանատներից մեկի՝ Սան Պաուլո քաղաքի Վիլա Ֆորմոզա շրջանի գերեզմանատան երկայնքով տասնյակ դատարկ գերեզմանների շարքեր են գոյացել՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար, գրում է Daily Mail-ը։

Հարավամերիկյան երկրում կորոնավիրուսի դեպքերի թռիչքային աճը ստիպել է 780 000 քառակուսի մետր մակերեսով գերեզմանոցում տասնյակ գերեզմաններ փորել, որտեղ արդեն ավելի քան 1,5 մլն գերեզման կա:

Վիլա Ֆորմոզայի գերեզմանոցի ծանրաբեռնվածությունն, ըստ հաղորդման, կրկնապատկվել է՝ հասնելով օրական 60 հուղարկավորության։

Գերեզմանոցի աշխատակիցները համոզված են, որ կորոնավիրուսի հետևանքով ավելի շատ մարդիկ են մահանում, քան երկրի պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս:

Գերեզմանափորների կարծիքով՝ մահացությունների թիվն ավելացել է այն մարդկանց շրջանում, որոնք մահացել են նախքան կորոնավիրուսի թեստի արդյունքները ստանալը։ Ըստ հաղորդման՝ այդ դեպքերը չեն ներառվում Բրազիլիայի՝ կորոնավիրուսի դեպքերի պաշտոնական վիճակագրության մեջ։

«Թերթերում գրված թվերը սխալ են։ Իրականում դրանք երկու անգամ շատ են, գուցե՝ երեք»,- հայտնել է նրանցից մեկը։

Բրազիլիայում, ըստ պաշտոնական տվյալների, հաստատվել է կորոնավիրուսի 9 216 դեպք, որոնցից 365-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 127 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,121,917 դեպք, 59,401-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 230,316 մարդ։