Search
Close this search box.

Կորոնավիրուսի դեպքերի աճի վտանգի առաջ ենք կանգնած. վարչապետը հորդորով դիմեց քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի դեպքերի ավելացման տեմպի աճի որոշակի վտանգ կա։ Այդ մասին վարչապետը նշեց՝ անդրադառնալով վերջին մեկ օրում վարակավածության 92 դեպքերին: «Չնայած դրա նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ թեստավորման քանակները մեծացրել ենք։ Եվ դա ճիշտ մոտեցում է, մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, հակառակը, մենք ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք։ Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ունենք երկու խնդիր: «Կա երկու ծայրահեղություն, մի ծայրահեղությունը խուճապն է այս պրոցեսի հետ կապված, որն անթույլատրելի է, և դրա կարիքը չկա ընդհանրապես։ Եվ երկրորդ ծայրահեղությունը՝ համատարած հանգստությունն է այս համաճարակի տարածման հետ կապված։ Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները։ Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն։ Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա խնդիր է։ Հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»,- ասաց կառավարության ղեկավարը՝ քաղաքացիներին հորդորելով հանգիստ չվերաբերվել այս խնդրին:

Վարչապետի խոսքով՝ մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի։ «Այսինքն՝ եթե սա լիներ նախկին մեզ հայտնի վարակ, օրինակ, գրիպ, մենք այսօրվա մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք՝ ուղղակի գնացեք տուն, թեյ խմեք, հեղուկ շատ օգտագործեք և վերջ։ Եվ հիմա էլ այս մեր հիվանդների 80 տոկոսին ըստ էության չենք բուժում։ Բայց ինչո՞ւ ենք նրանց պահում հաստատություններում, մի պարզ պատճառով, որովհետև եթե նրանք դուրս գան, կվարակեն այլ քաղաքացիների»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսից 4-րդ մահն է արձանագրվել Հայաստանում:

«Ամենամեծ ռիսկի խումբը շարունակում են մնալ տարեցները։ Եվ մեկուսացման պայմանները չպահելով՝ առաջին հերթին վտանգի տակ ենք դնում ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Ուզում եմ ճշգրտել՝ սա չի նշանակում, որ ավելի երիտասարդների համար երաշխավորված է, որ վիրուսը լինելու է անվտանգ։ Ոչ, այդպիսի բան որևէ մեկը չի կարող պնդել, ուղղակի առավելապես վիրուսը վտանագավոր է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Իհարկե, պարետատունը միջոցներ ձեռնարկել է, ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով պահպանում է սահմանված արտակարգ դրության ռեժիմը, բայց սա այն դեպքը չէ, երբ այս արտակարգ միջոցներն իրականացվում են ինչ-որ քաղաքական կամ այլ նպատակներով։ Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար։ Եվ մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար»,- ասաց վարչապետը։

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: