Search
Close this search box.

Բրիտանիայում ուսանողները մեկ տարի շուտ կավարտեն բժշկական ուսհաստատությունները` COVID-19-ի դեմ պայքարի համար. Telegraph

Մեծ Բրիտանիայում ուսանողները մեկ տարի շուտ կավարտեն բժշկական ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանան օգնել իրենց ավելի փորձառու գործընկերներին` կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները հաղթահարելու գործում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը:

Բրիստոլի համալսարանն առաջին կրթական հաստատությունը կդառնա, որը կմիանա այս նախաձեռնությանը, եւ արդեն ուրբաթ` ապրիլի 3-ին, բժշկության մասնագիտությունների ավելի քան 220 շրջանավարտ կունենա: Ընդ որում, ուսանողներին վիրտուալ ավարտական երեկույթ է սպասվում, որը համալսարանի ղեկավարության մասնակցությամբ կանցկացվի Zoom հարթակում:

Գլխավոր բժշկական խորհրդում նախնական գրանցում անցնելուց հետո երիտասարդ բժիշկները կկարողանան դիմել առկա թափուր տեղերի համար: Ակնկալվում է, որ Բրիստոլի համալսարանի շրջանավարտների մեծը կաշխատի Բրիստոլի, Բաթի, Սուինդոնի, Գլոստերի, Յովիլի, Չելտենհեմի եւ հարավ-արեւմտյան Անգլիայի այլ քաղաքների հիվանդանոցներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անգլիայի եւ Ուելսի առողջապահության ազգային համակարգի (NHS) ղեկավարությունը ավելի վաղ ավելի քան 65 հազար նամակ էր ուղարկել աշխատանքից հեռացած բժիշկներին եւ բուժքույրերին` խնդրելով նրանց վերադառնալ աշխատանքի: Ուղերձը վերաբերում էր անցած երեք տարվա ընթացքում մասնագիտությունը թողած բուժաշխատողներին: Նրանց առաջարկել են վերագրանցվել կարգավորող մարմիններում` երկրի բնակչության համար «առողջության ամենամեծ սպառնալիքի» դեմ պայքարին միանալու համար: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ 20 հազար բրիտանացի բժիշկ եւ բուժքույր վերադարձել է աշխատանքի: