Search
Close this search box.

Կորոնավիրուսը հասավ հայկական սպորտին․ Ով է կատարվածի մեղավորը․․․

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»: Հիշեցնենք, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որը մեկնարկել էր մարտի 14-ին։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով այն դադարեցվել էր մարտի 16-ին։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր հավաքականի կազմում Լոնդոն էին մեկնել Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), իսկ կանանց մրցաշարին մասնակցելու էին Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): Թե բռնցքամարտիկներից ով է հրապարակված այս պահին հայտնի չէ։ Երեկ Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել նշելով, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե բռնցքամարտիկների կյանքը վտանգելու համար:

Մասնավորապես, Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է կորոնավիրուսի տարածման ակտիվ փուլում բռնցքամարտի վարկանիշային մրցաշար անցկացնելու ու բռնցքամարտիկներին վարակելու մեջ: Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան վստահ է, որ իրենց երկու բռնցքամարտիկները, ինչպես նաև մարզիչը կորոնավիրուսով վարակվել են Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի ժամանակ։ «Պարզապես ապշած եմ, խոսքեր չունեմ: Այս օրերին ողջ աշխարհը ծանր պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, ՄՕԿ-ը Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ սկսեց մրցաշարը: Աշխարհի մասշտաբով գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվել էին, բայց ՄՕԿ-ը գնաց աբսուրդային այդ քայլին: Դա միանգամայն անպատասխանատու որոշում էր, որի հետևանքով Թուրքիայի բռնցքամարտի հավաքականի անդամները վարակվեցին կորոնավիրուսով»,- ասել է Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։ Կորոնավիրուսով վարակված մարզիկների մասին երեկ հայտնել էր նաև Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Մարկո Մարովիչը։ «Մեր վարակաբանը վստահ է, որ Խորվաթիայի հավաքականի երկու մարզիկներն ու բռնցքամարտիկը կորոնավիրուսով վարակվել են Լոնդոնում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարի ժամանակ»,- ասել էր Մարովիչը։

Հավանականությունը մեծ է, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարի ընթացքում վարակված մարզիկների և մարզական պատվիրակությունների անդամների թիվը կավելանա։ Կարծում ենք պարզ է, որ տեղի ունեցածի գլխավոր մեղավորը ՄՕԿ-ն է, որը ի տարբերություն միջազգային բազմաթիվ կազմակերպությունների և ֆեդերացիաների չհետաձգեց մրցաշարը։ Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը շարունակ հորդորում էր չհետաձգել նաև ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը։ Մարզական գլխավոր իրադարձությունը մեկ տարով հետաձգվեց միայն այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ երկրներ հայտարարեցին, որ կորոնավիրուսի պատճառով չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո։

Լոնդոնում տեղի ունեցածի և դրա հետևանքների վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռ որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել։

1in.am