Search
Close this search box.

Բացահայտվել է Երևանում սպանության դեպքը. Փեսային մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1973թ. ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակ, կրակված պարկուճներ եւ գնդակներ:

Պարզվել է, որ նույն օրը վերը նշված հասցեում հանգուցյալի դստեր ամուսինը ապօրինի կերպով պահվող, հրազեն հանդիսացող ինքնաձիգով կրակահերթ արձակելու եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է նշված հասցեում բնակվող աներոջը:

Բավարար ապացույցների համակցությամբ առերեւույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: