Search
Close this search box.

Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե՞ ոչ․ պարզաբանում են ընկերությունները. Hetq.am

Hetq.am-ը գրում է. Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները միաձայն որոշում չունեն՝ հետաձգելու են քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները, թե ոչ։

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։

Սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր մտահոգվում և Կառավարությանն են դիմում խնդրանքով, որ պայմանավորվեն կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` հետաձգելու կոմունալ վճարները։

«Հետքը» կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների հետ՝ պարզելու, թե որքանով են ընկերությունները պատրաստակամ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգել քաղաքացիներից գանձվող կոմունալ ծառայությունների վարձավճարները։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

Այսօր քաղաքացիների կողմից սպառված փետրվար ամսվա հոսանքի վճարի մարման վերջին օրն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Հետքի»-ին հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու:

«Որպես այդպիսին՝ անջատումներ անելու մասով այս պահին որոշում չկա։ Չենք հոսանքազրկի քաղաքացիներին՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ»,- նշեց Նատալյա Սարջանյանը։

Թե մինչև երբ է հետաձգվել վարձավճարների մարումը, ՀԵՑ-ը դեռևս հստակ որոշում չունի, սակայն Նատալյա Սարջանյանը քաղաքացիներին հորդորեց վճարել հոսանքի վարձավճարը՝ պարտքեր չկուտակելու համար:

«Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար: «Խնդիրն նաև այն է, որ գործող սակագինը ներառում է հիմնականում համակարգի շահագործման (վերանորոգում, կառուցում, պահպանում և այլն) ծախսերը և շուրջ 3000 աշխատակցի աշխատավարձը։

«Ավելորդ» գումարներ չկան: Ընկերության շահութաբերությունը շատ ցածր է: Հետևաբար, սառեցնելով հավաքագրումը, մենք ուղղակի վտանգում ենք նույն սպառողների կայուն ջրամատակարարումը»,- «Հետքին» հայտնել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Ընկերությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել այն քաղաքացիների նկատմամբ, որոնց հակացուցված է տնից դուրս գալ, կամ աշխատանքի բնույթից ելնելով` կարող են առաջանալ նաև ֆինանսական դժվարություններ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, վճարումների պատճառներով երբեք բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել։

«Այս անհանգիստ օրերին, երբ զգալիորեն ավելացել է ջրի սպառումը և շատերը դիմում են մեզ՝ խնդրելով ապահովել շուրջօրյա գրաֆիկ, ջրանջատումն ընդհանրապես անթույլատրելի է»,- տեղեկացրել է ընկերությունը։

«Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի վճարումների հարցում։ Այս մասին «Հետքին» հայտնել են ընկերությունից։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: