Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող 27-ամյա քաղաքացին կրակոց է արձակել իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողներ Արսեն Պետրոսյանն ու Ներսես Նալբանդյանը հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը:

Քրեական հետախույզները տաք հետքերով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Վ. Կիրակոսյանին, ում մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ:

Կայքի տեղեկություններով՝ Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019 թ.-ի նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով:

Վ. Կիրակոսյանը կալանավորվել է: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում: