Search
Close this search box.

Ճանաչված մարդկանց անունից գործած կեղծ էջերով մարդկանց մոլորեցնում ու կողոպտում են

Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք, իբրև խաղարկում են խոշոր շահումներ։

Facebook-ի հայկական տիրույթում գործում են Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի անուններով բացված կեղծ էջեր։

Արժանահավատության համար՝ այս էջերը օգտագործում են աստղերի կողմից նախկինում իրականացված խաղարկությունների տեսանյութերն ու գրառումները, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Այս կեղծ էջերը կոչ են անում օգտատերերին մեկնաբանություններ թողնել՝ նշելով, թե ինչ են ուզում շահել, ինչպես նաև հորդորում են կիսվել գրառմամբ։

Մեկնաբանություններ կատարած օգտատերերը ստանում են անձնական նամակ, որտեղ նշված է, թե իբր իրենք են հաղթողը։ Մրցանակը ստանալու համար օգտատերերից պահանջում են մուտքագրել իրենց անձնական տվյալները։

Խարդախության այս պարզունակ ճանապարհով էլ հանցագործները ձեռք են բերում հազարավոր մարդկանց անձնական, այդ թվում և բանկային տվյալները։
Կասկածով վերաբերեք բոլոր այն հաղորդագրություններին, որոնք գումար աշխատելու հեշտ ճանապարհ են առաջարկում:
Ուշադրություն դարձրեք հայտարարության բովանդակությանը. նմանատիպ խաբեությունները՝ որպես կանոն, կատարվում են օտարերկրացիների կողմից, որոնց գրառումներում կան բազմաթիվ սխալներ։

Մի բացեք այն հղումները, որոնք ուղարկվել են անծանոթ անձանց կողմից՝ առանց համոզվելու, որ դրանք կեղծ չեն:
Երբեք մի փոխանցեք ձեր բանկային տվյալներն անծանոթ անձանց:
Ճանաչված անձանց խաղարկություններին մասնակցելիս՝ անպայման համոզվեք, որ դա նրանց պաշտոնական էջն է, որում առկա է «ստուգված է» (verified ) տարբերակիչը։