Search
Close this search box.

Սպանություն Էջմիածնում

Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կա հարվածի մի քանի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. որ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, սակայն ոստիկաններն ու քննիչները ասում էին, թե դեռևս այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում: