Search
Close this search box.

Ինչ տուգանք է նախատեսվում խուճապային տեղեկություններ տարածելու համար

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում տեղեկության տարածման համար տուգանքների սահմանմանը։ Կառավարությունն առաջարկում է Վարչական իրավախախտումների մասին օրենքում հետևյալ լրացումն անել՝ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման սահմանափակումները խախտելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»։

Նշենք, որ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների համար սահմանափակումներ են սահմանված, թե ինչ տեղեկատվություն կարող են հրապարակել, ինչ տեղեկատվություն՝ ոչ։

Փոխնախարարն ասաց՝ արգելված տեղեկատվությունը սահմանված է արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշմամբ։ «Եվ հստակ սահմանված է այն ցանկը, որը հանգեցնելու է նման պատասխանատվության։ Օրինակ՝ կորոնավիրուսի առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, նրանց հետ շփված անձանց քանակի, թեստավորման, շրջանակի, մեկուսացվածների քանակի վերաբերյալ, ինչպես նաև խուճապի իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունները։ Հիմնականում քննարկման առարկա է դարձել հենց այս խուճապի հանգեցնող եզրույթը, և կառավարությունը, նաև հաշվի առնելով այդ մտահոգությունները, փոփոխոություններ է կատարել և փորձել է հստակություն մտցնել, որ խոսքը վերաբերում է ակնհայտ խուճապ առաջացնող դեպքերին։ Եթե իրական վտանգ պարունակի, միայն այդ դեպքում մարդիկ կարող են ենթարկվել պատասխանատվության»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ արտակարգ իրավիճակներում շատ կարևոր է, որպեսզի խուճապային իրավիճակ չստեղծվի, և դա է հիմնական պատճառը, որ նման սահմանափակումներ կան։ «Ես համաձայն եմ, որ խուճապ առաջացնող տեղեկատվությունը սպառիչ ցանկ չի սահմանում, բայց անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքները անհրաժեշտաբար ձևակերպված են հասկացություններով, որոնք ինքնավար են, շատ դեպքերում պրակտիկայում է դրանց հասկացությունը հաստատվում ամբողջությամբ։ Եվ բոլոր դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են առհասարակ խորհրդատվության դիմել պարետին»- ասաց նա։