Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երեւանում 47-ամյա տղամադու են սպանել՝ կրակելով նրան իր բնակարանի դիմաց. կասկածվողը փեսան է

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ: Վերջիններս հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին:

Կայքի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։

Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հրազենը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է: