Search
Close this search box.

Սպանություն Մեհրաբի զորամասի մոտ. պայմանագրային զինծառայողը կասկածվում է 1 հոգու սպանելու, 2 հոգու դանակահարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 23-ամյա Բորիս Ալիփյանն էր, իսկ վիրավորներն են՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի բնակիչ, 21-ամյա Սարգիս Բաբայանն ու Դավիթ Ծաղկյանը: Վերջիններս տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև Տավուշի մարզի դատախազության ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Բերդի բաժին են բերման ենթարկել 26-ամյա Արտակ Մ.-ին, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: