Search
Close this search box.

 ՀՀ ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց՝ հաշվի առնելով կորոնավիրուսի  լայն աշխարհագրական տարածումը։

ՀՀ ԱԳՆ-ն այս մասին հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց:

Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները:

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր պլանավորում են օտարերկրյա պետությունից վերադառնալ Հայաստան, հորդորում ենք մինչ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ վերստուգել թռիչքների և տարանցիկ հնարավորությունների առկությունը՝ իրավիճակը սթափ գնահատելու և Հայաստան վերադառնալու կամ տվյալ երկրում մնալու վերաբերյալ խելամիտ որոշում կայացնելու համար:

ԱԳՆ-ն և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները մշտապես կտրամադրեն թարմացվող տեղեկատվություն ճամփորդության հնարավորությունների և տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ:

ՀՀ-ը իր դիվանագիտական ծառայության ողջ ներուժը ներդնում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների կողքին լինելու և առավելագույնս օժանդակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: