Search
Close this search box.

Ծեծկռտուք երևանյան սրճարաններից մեկի մոտ. ոստիկանություն են հրավիրվել մարկետինգի տնօրենը, հիմնադիր տնօրենը և խոհարարը

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 15-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ոստիկանները պարզել են , որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկտրչյանն է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է «Սեյ Չիզ» ՍՊԸ-ում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը նշված ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը նշված սրճարանում՝ որպես խոհարար: