Search
Close this search box.

Մեկ շաբաթով կփակվեն ևս չորս խոշոր առեւտրի կենտրոններ

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպ ընկերությունը:

Ցանկանում ենք նշել, որ վերը նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը:

Այս կերպ աջակցում ենք նաև ՀՀ կառավարության կանխարգելիչ ծրագրին: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին այս օրերին լինել ավելի հավասարակշիռ և մարդկային շփումները հասցնել մինիմալի:

Մարտի 16-23-ը փակ կլինի նաեւ Տաշիր առեւտրի կենտրոնը:

«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք «Երևան Մոլի», «Դալմա Գարդեն Մոլի», «Մեգամոլ Արմենիա»-ի փակման մասին։