Search
Close this search box.

14 ամսում՝ 4.400.000 դոլար, ամսական՝ 315.000 դոլար պարգեւավճար՝ տոտալ անհաջողությունների համար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների ընդհանուր չափը՝ 01.10.2018 թվականից մինչեւ 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված 14 ամսում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների ընդհանուր չափը շուրջ 1.782 աշխատակիցների համար կազմել է 2.102.213.050 ՀՀ դրամ (շուրջ 4.400.000 $)։

Ամսական քաղաքապետարանի աշխատակազմին եւ Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին վճարվել է ավելի քան 150.000.000 դրամ կամ շուրջ 315.000 $ պարգեւավճար։

Թե ի՞նչ նվաճումների համար է որպես պարգեւատրում ընդամենը մեկ տարում (14 ամիս) վճարվել այդ 4 միլիոն 400.000 դոլարը՝ մնում է անհայտ։ Արդեն անգամ ավելորդ ենք համարում քաղաքացիներին հիշեցնել ամառվա աղբահանության խայառակ վիճակը, չորացած այգիները, օրերով չմաքրվող բակերը, վտանգավոր վերելակները, արդեն մարդկանց հոգեկանի վրա ազդող տրանսպորտի խայտառակ պատկերը. մի խոսքով՝ այն ամենը, ինչը քաղաքացիները տեսնում եւ զգում են ամեն օր։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագրեր են կրճատել՝ այս ավելի քան 4 միլիոն դոլարը գոյացնելու եւ պարգեւատրվելու համար. քանի՞ վերելակ կարելի էր գնել այս գումարով, քանի՞ ավտոբուս՝ քաղաքացիներին ամեն օր չստորացնելու համար, քանի՞ այգի կարելի էր ծաղկեցնել, քանի՞ ընտանիքի բնակֆոնդ թարմացնել։

Վերջապես՝ ու՞ր է այս դժնդակ օրերին քաղաքապետը։ Այս արտակարգ իրավիճակում, երբ պահանջվում է ամեն վարկյան արտահերթ միջոցների ձեռնարկում եւ օպերատիվ կառավարում, տարբեր լուրերի համաձայն՝ նա ինքնամեկուսացվել է բոլորից։ Սակայն՝ համոզված ենք, որ վերադառնալուց հետո հերթական անգամ կստորագրի հրաման՝ նոր շռայլ պարգեւատրումների մասին։