Search
Close this search box.

Կալանավորը փնտրում է վարձու մարդասպան

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է, մեղադրում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցին իր դեմ շինծու գործ «կարելու» համար: Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքի հիմնավորվածության, ինչպես նաև, որ նա ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող: Հայաստանյան մամուլում ակտիվորեն շրջանառվող այս թեման բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել, ինչի առթիվ էլ armtimes.com-ը զրուցել է տուժող Վ. Գրիգորյանցին պատկանող «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Վարդգես Գևորգյանի հետ.

Հարց – Վերջին օրերին մամուլում շրջանառվում է հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի բողոքը՝ իբր իր նկատմամբ գործը շինծու է, պատվիրված: Ո՞վ է իրականում Ս. Մարտիրոսյանը, եւ ինչո՞ւ է նրա դեմ քրգործ հարուցված:

Պատասխան – Ստեփան Մարտիրոսյանը ՀՀ քաղաքացի է, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: Նա հանցավոր անցյալ ունեցող անձնավորություն է, դեռեւս խորհրդային տարիներին դատապարտվել է անազատության: Նա ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1989 և 1993 թթ., խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ, «կոկային» տեսակի թմրամիջոցների շրջանառության համար դատապարտվել: ԽՍՍՀ-ում բնակվելու տարիներին նույնպես դատապարտվել է, որի պատճառով էլ հավանաբար լքել է երկիրը, մեկնել ԱՄՆ: Ս. Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժող. դատարանի 1978 թ.-ի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 17-1121-րդ հոդվածի 1-ին մասով (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), նույն օրենսգրքի 17-115-րդ հոդվածով (հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը), նույն օրենսգրքի 17-116-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցությամբ արվամոլություն կատարելը), նույն օրենսգրքի 147-րդ հոդվածով (շորթում կատարելը), 228-րդ հոդվածով (պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը) այդ հոդվածների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ վերոհիշյալ դատավճիռը ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1978 թ.-ի սեպտեմբերի 12-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ: Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է, իրականում այդպես չէ: Նա պրոդյուսեր է դարձել Վ. Գրիգորյանցից հափշտակված գումարների մի մասը ֆիլմարտադրության մեջ ներդնելով, փորձել է շատ թե քիչ ճանաչում ձեռք բերել հանրաճանաչ հոլիվուդյան աստղերի հետ նկարվելու միջոցով: Հարց է ծագում՝ իսկ ինչու թեկուզ մեկ նկար չունի Ջեֆֆրի Հովարդի հետ: Ինչպես պարզվել է հետագայում, նման անձ գոյություն չի ունեցել: Ավելին՝ նա առավել ճանաչված և հայտնի է ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո կազինոյում՝ որպես ՎԻՊ հաճախորդ:\

Հարց – Ի՞նչ գործով է անցնում Ս. Մարտիրոսյանը, եւ ի՞նչ առնչություն ունի այն տուժող գործարար Վիտալի Գրիգորյանցի հետ:

Պատասխան – Լինելով գործարարի վաղեմի ծանոթը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերել վերջինիս վստահությունը, և չարաշահելով այն՝ 2010-2015 թթ. ընթացքում խարդախությամբ հափշտակել է 49.045.000 ԱՄՆ դոլար գումար վերջինիս պատկանող «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ-ից: Նշված դրամական միջոցները Մարտիրոսյանը հափշտակել է ԱՄՆ-ում ֆիլմերի արտադրության մեջ ներդնելու պատրվակով:

Գումարները օրինականացնելու նպատակով ներկայացրել է «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը, հայտնել է, որ այդ ընկերության հիմնադիր տնօրենը հանդիսանում է իր ընկեր Ջեֆֆրի Հովարդը (քր. գործով ապացուցված է, որ նման անձնավորություն իրականում գոյություն չունի) և առաջարկել նշված ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա, քանի որ Գրիգորյանցին պատկանող «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ տվյալ ոլորտում չունի համապատասխան փորձ, իսկ առաջարկվող ընկերությունը երկար տարիներ ֆիլմարտադրության ոլորտում իբր մասնագիտացված է: Այդ նպատակով ՀՀ տարածքում գործող բանկային հաշիվներից Մարտիրոսյանին փոխանցվել է 97.019.905 ԱՄՆ դոլար: Վերջինս հափշտակված գումարներից ֆիլմերում ներդրել է միայն 47.974.905 ԱՄՆ դոլար, սակայն համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրերի՝ ֆիլմերի սեփականատեր հանդիսացել է ոչ թե տուժող կողմը՝ «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ-ն, այլ ԱՄՆ-ում Ս. Մարտիրոսյանին պատկանող «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը:

«Պուլհամ Հոլդինգս» ընկերությանը 2017 թ.-ին հայտնի է դարձել, որ Մարտիրոսյանը, յուրացնելով գումարները, փոխանցումներ է կատարել իր անձնական տարբեր հաշվեհամարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոց-կազոյի իր հաշվեհամարներին, ինչպես նաև իր քրոջ՝ Բեսսի Մարտիրոսյանի հաշվեհամարին՝ 200.000 ԱՄՆ դոլար գումար: Փաստացի նա հարազատ քրոջը ներքաշել է փողերի լվացման մեջ:

Այսպիսով, Ս. Մարտիրոսյանի հանցավոր գործողությունների հետևանքով «Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 97.019.905 ԱՄՆ դոլար գումար: Մարտիրոսյանը կատարած հանցավոր արարքի համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ.-ի հունվարի 14-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով և կալանավորվել:

Հարց – Ստեփան Մարտիրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել է, որ Վիտալի Գրիգորյանցը, հին իշխանությունների հետ ունենալով կապեր, իր նկատմամբ ապօրինի գործ է «պատրաստել». որ ինքը բոլոր գումարները ներդրել է ֆիլմարտադրության մեջ, սակայն դրանք եկամուտ չեն բերել:

Պատասխան – Վիտալի Գրիգորյանցի ենթադրյալ կապը հին կամ նոր իշխանությունների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ տվյալ գործի հետ: Մարտիրոսյանը կատարել է քրեորեն պատժելի արարք և պետք է կրի հանցագործությամբ վաստակած իր պատիժը: Ինչ վերաբերվում է նրա այն պնդմանը, որ բոլոր գումարները ներդրվել է գործի մեջ, իրականության հետ աղերս չունի: Ասեմ ավելին՝ ֆիլմատադրության մեջ ներդրած գումարները բերել են եկամուտներ, որոնք հիմնավորված են քրեական գործի տվյալներով: Հարց – Ստեփան Մարտիրոսյանի կողմից հափշտակված գումարները ապացուցված եւ հիմնավորված են արդյոք քրեական գործի փաստական տվյալներով:

Պատասխան – Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակությունը ապացուցված է գործի փաստական տվյալներով: Ապացույցները հիմնականում եղել են փաստաթղթային, որոնք ժխտել կամ հերքել պարզապես անհնարին է: Պաշտպանության կողմը, իհարկե, ընտրեց ապացույցների անթույլատրելի ճանաչելու մարտավարությունը, սակայն՝ ապարդյուն:

Հարց – Ս. Մարտիրոսյանը պնդում է, որ դատարանը եղել է կաշառված, իր նկատմամբ կայացրել է խիստ դատավճիռ, վեց տարի ազատազրկում սահմանելու դեպքում ինքը համաներմամբ ազատ կարձակվեր:

Պատասխան – Իմ կարծիքով՝ Ս. Մարտիրոսյանը պաշտպանվելու սխալ մարտավարություն է ընտրել՝ փորձելով սևացնել դատարանին: Դատարանի կաշառված լինելու մասին զրպարտչական արտահայտությունները համարում եմ ոտնձգություն արդարադատության նկատմամբ: Նրա այն հայտարարությունը, որ իր նկատմամբ սահմանվել է խիստ պատիժ, վկայում է, որ նա անուղղակի ընդունում է իր կողմից կատարված հանցանքը, այլապես ինչու պետք է արդարացում պահանջող անձը սահմանված պատժի խստության մասին խոսեր:

armtimes.com