Search
Close this search box.

«Վեոլիա ջրում» կաշառքը, մաթեմատիկան ու անբարոյականությունը իրար են խառնել

Veolia Armenia-ն այն կազմակերպություններից է, որը նույնիսկ իր գոյությամբ ազդում է հայաստանցիների անգամ հավասարակշռված սեգմենտի հոգեվիճակի վրա, ինչն իր հերթին արտահայտվում է ավելորդ նյարդայնությամբ:

Ուրեմն, ՀՀ քաղաքացի Ս.Բ.-ն, պատրաստվելով ամուսնանալ, գնել է անշարժ գույք, որտեղ կամեցել է ջուր ունենալ: 2019թ օգոստոսին նա դիմել է Veolia Armenia-ի մասնաճյուղ: Կազմակերպության աշխատակիցները 120000 ՀՀ դրամի դիմաց Ս.Բ.-ին առաջարկել են մի քանի օրվա մեջ ջրով ապահովել:

Լինելով օրինապաշտ քաղաքացի, Ս.Բ.-ն հրաժարվեց կասկածելի գործարքից: Այդ պահից էլ ամեն ինչ սկսվեց: Սկզբից նա դիմում է գրեց: Ըստ հայաստանյան ջրային ոլորտի պատասխանատուների հաշվարկի, Ս.Բ-ն կարող էր ջուր ունենալ միայն 97000 ՀՀ դրամ վճարելու արդյունքում, ընդ որում նշված գումարի 80% վերջինս պետք է նախապես վճարեր:

Կրկին ցուցաբերելով օրինապաշտություն և քաղաքացիական պատասխանատվություն Ս.Բ.-ն վճարեց պահանջված գումարը և սպասեց: Անցն ամիսներ: Հանկարծ պարզվեց, որ Ս.Բ.-ն, ըստ Veolia-ի ունի թերի մաթեմատիկական գիտելիքներ և սխալ է հաշվել 97000-ի 80%-ը: Պարզվեց նաև, որ Վեոլիան ունի մաթեմատիկական հաշվարկների հանդեպ յուրովի մոտեցում: Մի խոսքով, ամիսներ անց Վեոլիան ազդարարեց, որ 97000 ՀՀ դրամի 80%-ը մի այլ թիվ է, որը 7000 դրամով տարբերվում է Ս.Բ.-ի ստացած թվից:

Այնուամենայնիվ, Ս.Բ.-ն կարողացավ ապացուցել իր գիտելիքների գերակայությունը, սակայն դա տևեց ևս մի քանի ամիս: Այժմ, երբ արդեն Վեոլիայի մոտ կասկած չեն առաջացնում մաթեմատիկական ճշմարտությունները, թվում է, որ Ս.Բ.-ն վերջապես ջուր կունենա: Սակայն, պարզվում է, որ միայն մաթեմատիկան չէ որ խոչընդոտում է վերջինիս ջուր ունենալու արդար ցանկությանը:

Վեոլիայում ասում են, որ Ս.Բ.-ն կարող է ջուր ունենալ մինչև 2020թ հունիսի 6-ը: Ինչպես հասկացաք, այս պատմությունն ամեն ինչի մասին է: Էլ մաթեմատիկա, էլ ջուր, էլ իրավունք, էլ կաշառք……

Կա նաև անբարոյականություն: Խնդիրն այն է, որ մարտի 21-ին Ս.Բ.-ի հարսանիքն է, իսկ Վեոլիան գիտի դրա մասին: Մի խոսքով, երևի ավելի ճիշտ կլիներ էն գլխից 120000 ՀՀ դրամ կաշառք տալ, քանզի ամուսնությունը վատ բան չէ և չարժի այն վտանգել:

Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից