Search
Close this search box.

Այսօր հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է

Այսօր հայազգի բարերար և հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է. նա կդառնար 71 տարեկան:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող՝ աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Գործարարի միջոցներով 2000-2002 թթ վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար):

Հայրապետյանի բարեգործությունների շրջանակը մեծ է՝ 2008թ. հոկտեմբերի 16-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գցված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևել են մերձակա բլուրներից։ Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» հիմնադրամի միջոցներով իրականացվել է Վերածննդի հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, հանգստյան գոտիներ, հանդիսությունների սրահ, դպրոց, փայտամշակման գործարան: Վերակառուցել է Արցախի մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներ: Բարերարի առաջնային ծրագրերից էր համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը: Ծրագիրը, սակայն, անավարտ մնաց: 2008 թ.–ին տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրման համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել են, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016 թ.-ին տեղափոխվել էր Մորդովայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Մահացել է 2017 թ.-ի հոկտեմբերի 18-ին: Նրա վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ: 2019 թ.-ի դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել բարերար Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: