Search
Close this search box.

Ժողովուրդը երբվանի՞ց անկախությանը նվիրված չի

«Այո»-ի քարոզարշավը վերջապես բովանդակային փաստաթուղթ ներկայացրեց՝ «Ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծ»։ Սա վիթխարի առաջընթաց է, չնայած՝ տեքստում արտացոլված չեն քաղաքական օրակարգի առաջնային հարցերը և քաղաքացիների մեծ մասի ակնկալիքները։

Պետության անցյալը վերագնահատելու և անցյալի հետ հաշտվելու հարցում նկատելի չեն հաշտության եզրերն ու բանալին։ Անցյալի քննադատությունը անցյալից վրեժ լուծելու հուզականությամբ մատուցելը պրոգրեսիվ խթան չի կարող դառնալ։ Անցյալի վերաիմաստավորումը նպատակային է, երբ անցյալը ներդաշնակում են ընթացիկ քաղաքականության հետ, սխալների ուղղումներով լրացնում քաղաքական ներկա հավատամքը։ Պարզ ասած՝ անցյալի էջը չի փակվում, այլ վերաիմաստավորվում է։

Հռչակագրում անդրադարձ չկա նոր սահմանադրության ընդունմանը։ Այս բացթողումը վանելու է «Այո»-ի աջակիցների մի մասին, որոնք համակարգային փոփոխությունների ակնկալիք ունեն և չեն բավարարվում Ապրիլի 5-ի հատվածական փոփոխությամբ։ Հռչակագրում, որը հավակնում են ներկայացնել ժողովրդի անունից, անդրադարձ չկա ինքնիշխանության խնդրին։ Ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին նվիրվածության մասին ներածական ընդգծման կողքին բացակայում է անկախությանը նվիրվածության մասին ընդգծումը։ Այս բացթողումը հակասության մեջ է «Ապրիլի 5-ը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի գործընթացի շարունակությունն է» արտահայտության հետ։ Եվ այս հակասությունը թյուրիմացության մեջ է գցում ընտրողին և միջազգային հանրությանը։

Տարրական գիտելիք ունեցողի համար է պարզ, որ անկախությունը ժողովրդավարության գոյության անհրաժեշտ պայմանն է։ Օրինակ՝ մեր բախտակից երկրներում իրականացված համակարգային բարեփոխումները կոչվել են՝ անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ, որ ընդգծեն այդ երկուսի օրգանական կապը։ Հայաստանում էլ քաղաքական բառապաշարում այդ երկուսը կողք-կողքի են դրվել։ 2 տարում ի՞նչ է փոխվել, որ այս հռչակագիրը ներկայացվում է այնպես, իբր ժողովուրդն անկախությունը չի արժևորվում։

Միով բանիվ՝ ժողովրդի անունից ներկայացվող հռչակագրում պարտավոր են անկախության մասին դրույթները լրացնել պարզությամբ և կապակցել իշխանությունների (այդ թվում՝ ՍԴ-ի) լեգիտումության վերաբերյալ հատվածներին։ Այդպիսով՝ կենդանություն կստանա Սեպտեմբերի 21-ի շարունակության մասին ակնարկը։ Աշխարհին էլ պարզ կդառնա, որ հայ ժողովուրդն առողջ է, անկախությունը դասում է ամեն ինչից վեր՝ ինչպես հզոր, բարեկեցիկ երկրների ժողովուրդները։ Եթե Ապրիլի 5-ի հռչակագրում նաև նախանշվեն «Այո»-ին հաջորդելիք անկախության և ժողովրդավարության բարեփոխումները, ապա հռչակագիրը կստանա քաղաքական բովանդակություն, իսկ հանրաքվեն, հավանաբար, կստանա բավարար թվով «Այո»։

Թաթուլ Մկրտչյան