Search
Close this search box.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը Ռուսաստանում անցել է 70 ռուբլու սահմանը

Երեք տարի առաջ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի եւ նավթի (դրա էտալոնային Brent ապրանքանիշի) գնի հարաբերակցային կապը գործնականում զրոյական էր։ Այն ժամանակ Brent-ի միջին տարեկան գինը 53 դոլար էր՝ բարելի համար, եւ 27 տոկոսով թանկացել էր՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Այսինքն, Ռուսաստանում կար «ամրության պահուստ»՝ ԱՄՆդոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար։ Որպես տեղեկանք՝ ռուսական արտահանվող Urals նավթի գները կապված են Brent-ի գներին եւ կրկնում են դրանց դինամիկան։

Այժմ նավթի համաշխարհային գներից Ռուսաստանում դոլարի փոխարժեքի կախվածության պատկերը արմատապես տարբեր է (տես գրաֆիկը)։ Նավթի գների այժմյան փլուզման պատճառների մասին բացատրություններ արդեն քիչ չեն հայտնվել, այդ թվում՝ կոնսպիրոլոգիական (այսպես կոչված «դավադրության տեսություն»)։ Սակայն բորսայում գները, օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ, ենթարկվում են նաեւ մարդկայն գործոնին։

Հենց բորսաներում իրարանցումն է հրահրում գների կտրուկ տատանումները՝ առավելագուն կամ նվազագույն նիշերի։ Այնուհետեւ սկսվում է հետադարձ գործընթաց՝ վերադարձ տվյալ ժամանակաշրջանի համար ինչ-որ օպտիմալ գնային կետի։ Այսպես, Brent-ի գները արդեն անկումը փոխարինել են դեպի աճ թույլ միտումով։ Այսինքն, բարելի համար մինչեւ 20 դոլար գների անկման վատագույն սցենարը չիրականացավ։ Այսպես, Ռուսաստանում ռուբլին նկատելիորեն «թուլացավ»՝ համաշխարհային արժույթների համեմատ, մարտի 11-ին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը նշված է 72,02 ռուբլու մակարդակով։

Տարիներ առաջ ռուբլու փոխարժեքի փլուզումը դոլարի համեմատ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների հոսքում հանգեցրեց հսկայական անկման։ Այնպես որ, դոլարի փոխարժեքի այժմյան ամրապնդումը կանդրադառնա նաեւ մեր երկրի վրա։ Պարզ հաշվարկ է՝ պաշտոնական փոխարժեքով հունվարի կեսին 10 000 ռուսական ռուբլին համարժեք էր 164 դոլարի, իսկ մարտի 11-ին՝ արդեն 139 դոլարի։

Խնդիրներ կառաջանան նաեւ Ռուսաստան մեր արտահանման համար։ Բոլորը հիշում են հին պատմությունը՝ կապված այդ երկրում հայկական կոնյակի իրացման դանդաղման հետ։ Այն ժամանակ ազդեցին ինչպես մանրածախ գների բարձրացումը (նույն դոլարի փոխարժեքի պատճառով), այնպես էլ ռուսաստանցիների իրական եկամուտների նվազումը։ Ըստ տրամաբանության՝ որպեսզի դոլարի կուրսը Ռուսաստանում վերադառնա թեկուզ հունվարի մակարդակին, Brent նավթի գինը պետք է գերազանցի 60 դոլարի սահմանը՝ բարելի համար։

Սակայն նման տարբերակը մի քիչ կասկածելի է՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Վերջիններից կարելի է հատկապես առանձնացնել հում նավթի Չինաստանի պահանջարկի նկատելի կրճատումը, ինչպես նաեւ նավթի արդյունահանման կրճատման շուրջ նավթ արդյունահանող երկրների բանակցությունների խափանումը։ Սակայն, եթե հարցը սկզբունքորեն բանակցությունների միջոցով լուծելի է, ապա Չինաստանի տնտեսության հետ կապված խնդիրները երկարաժամկետ են։

Ստորեւ բերված գրաֆիկում ներկայացված է Brent նավթի գնի եւ Ռուսաստանում դոլարի պաշտոնական փոխարժեքի դինամիկան, ըստ օրերի, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում։