Search
Close this search box.

Պուտինի անսպասելի հայտարարությունը. Հայաստանի դերը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նախօրեին հայտարարել է, որ նախագահական մինչ այդ ունեցած ժամկետների զրոյացում հնարավոր է, եթե հանրությունը հավանություն տա սահմանադրական փոփոխությանը, ու դա հնարավոր համարի Սահմանադրական դատարանը: Այդպիսով, Պուտինը Պետդումայի ելույթի ընթացքում փաստորեն հայտարարել է, որ դեմ չէ 2024 թվականից հետո նախագահական նոր ժամկետին: Հունվարին Պետդումայի վերին պալատի առաջ ունեցած ուղերձում նա հայտարարել էր սահմանադրական փոփոխությունների մասին և բավականին թափանցիկ ակնարկել, որ պատրաստվում է իշխանության փոխանցման: Դրանից անմիջապես հետո նա փոխեց կառավարությունը: Փոխվո՞ւմ են իշխանությունը փոխանցելու պուտինյան պլանները, նա մնո՞ւմ է:

Պետք է նկատել, որ այդ հարցում, թերևս, ինքը՝ Պուտինն էլ չունի ամբողջական պատկերացում և որոշում, ու այստեղ կա շատ օբյեկտիվ պատճառ:

Համաշխարհային իրավիճակը փոխվում է շատ արագ, և մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե ինչպես է փոխվում աշխարհը: Այդ փոփոխությունների բերած մարտահրավերների ծանրությունը Ռուսաստանի համար ահռելի է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իմաստով: Ըստ այդմ, Ռուսաստանը ներկայումս մի վիճակում է, երբ շատ բարդ է ծրագրել իշխանության հարցը քառամյա ժամկետով: Այդ իսկ պատճառով Պուտինը սկսել է խաղալ այդ հարցի վրա, որովհետև հարցը «բերանքսիվայր» թողնելը ինքնին ռիսկեր է պարունակում, մյուս կողմից հնարավոր չէ կայացնել որոշում և գնալ դրա կատարմանը, առավել ևս ուրվագծելով այն հրապարակայնորեն: Ըստ այդմ, թերևս վաղ է գնահատել՝ Պուտինը մնում է, կամ գնում: Ավելի ճիշտ կլինի թերևս ասել, որ այդ հարցն այլևս Պուտինը չի որոշում: Այդ հարցը որոշելու է ժամանակը, և նրանք, որոնք ամենից մեծ ազդեցությունն ունեն այդ ժամանակի վրա: Իսկ դրանք այն երկրներն են, որոնք ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական առաջատարներն են, տեխնոլոգիական հեղափոխության առաջատարները:

Մեծ հաշվով, այստեղ երկու բևեռներն ԱՄՆ-ն ու Չինաստանն են՝ հարակից մի քանի այլ խաղացողներով: ՌԴ-ն թերևս սկսում է իշխանության համար խաղ հենց նրանց հետ: Հայաստանը պետք է դիտարկի այդ գործընթացը և դրանում փնտրի սեփական դերը, որքան էլ դա վերամբարձ չհնչի: Ընդ որում, դա դեր չէ ԱՄՆ կամ Չինաստանի կողմ կամ դեմ, կամ ՌԴ կողմ կամ դեմ: Դա դեր է Ռուսաստանում իշխանության խնդրի լուծման գործում, և օբյեկտիվ դեր, հաշվի առնելով կովկասյան ռեգիոնի կենսական նշանակությունը Ռուսաստանի համար, և Հայաստանի առանցքային դերը ռեգիոնում:

1in.am