Search
Close this search box.

Ինչու է Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով գնացել Սյունիք. վարչապետի արձագանքը և հարց «ոչիստներին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջարանում իր ելույթի ընթացքում անդրադարձավ ուղղաթիռով Սյունիքի մարզ գնալու հանգամանքին՝ ասելով, որ ընդդիմադիրները խախտում են գտել, քննարկում են այդ հարցը:

«Ինչու եմ եկել պետական մեքենայով, որովհետեւ չեմ կարող չգալ, որովհետեւ ոչիստների (ինչ լավ անուն է, չէ՞», այդ ոչիստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա եւ նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից: Եթե նույնիսկ փախնեմ, էս բոլոր ժողովուրդը վազելու է իմ հետեւից, որ բռնի»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ որոշել էին թիկնապահներից գաղտնի զբոսնել Երեւանում:

Շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա չեն տարածվում քարոզարշավի ընթացքում նախատեսված այն սահմանափակումները: Սա նշանակում է, որ քարոզչության ժամանակ եւս չի կարող հրաժարվել պետական պահպանությունից:

Անդրադառնալով իրեն ուղղված նման մեղադրանքների ենթատեքստին, թե վարչապետ դառնալուց հետո ճոխությունների սիրահար է՝ Փաշինյանը պատասխանեց Օստապ Բենդերի հայտնի մտքին հղում անելով եւ ասաց, որ ուղղաթիռը փոխադրամիջոց է եւ ոչ թե ճոխություն:

Ասաց նաեւ, որ ուղղաթիռն հենց այդ պահին էլ, առանց իրեն թռչում է, որովհետեւ հատուկ սահմանված թռիչքային ժամեր ունի՝ արժեքը չկորցնելու համար: Նույնը վերաբերում է ինքնաթիռին, մեքենային:

«Ես նստում եմ էն աթոռի վրա, որ աթոռի վրա երեւի 2 տարի նստել է Կարեն Կարապետյանը: Ընդհանրապես, իմ աշխատասենյակում, մտել եմ, ինչ եղել է, նույնը մնացել է»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ընդամենը փչանալուց հետո հեռուստացույցն ու համակարգիչն են փոխել:

Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ օրինականության մասին դատողություններ անող «ոչ»-ի կողմնակիցներին հարց ունի, որի պատասխանից պարզ կլինի՝ օրենքի եւ օրինականության նկատմամբ նրանց վերաբերմունքը:

«Հարց «ոչ»-ի շտաբին. արդյոք Սերժ Սարգսյանը 2013 թվականին օրինական ճանապարհո՞վ է ընտրվել նախագահ: Ժողովուրդը նրան ընտրե՞լ է, թե ապօրինի ճանապարհով է ընտրվել: Երկրորդ. 2008-ին արդյոք օրինական ճանապարհո՞վ է ընտրվել»,- հարցրեց Փաշինյանը:

Եզրափակելով Քաջարանում իր ելույթը՝ Փաշինյանը նկատեց նաեւ, որ թեեւ թեժ գարուն է, սակայն ընդդիմադիրները չեն երեւում: «Ասում էիք ժողովուրդը հիասթափվել ա, հեսա վերադառնում ենք: Բա ո՞ւր ա, չեք երեւում: Առիթ ա՝ մարդկանց դուրս հանեք, հանրահավաքներ արեք: Չեք երեւում, որովհետեւ այլեւս չպետք է երեւաք: Դուք գնացել եք, այլեւս հետ չեք գալու: Ժողովուրդը դա թույլ չի տա»,- եզրափակեց նա: