Search
Close this search box.

Բժիշկները Ռոբերտ Քոչարյանին թույլ չտվեցին ներկայանալ դատարան. նիստը հետաձգվեց

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով մարտի 10-ի նիստը հետաձգվեց: Այդ մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը: Ըստ նրա՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն, Ռ. Քոչարյանի մոտ ախտորոշվել է զարկերակային ճնշման հիպերտենզիա, և նրա՝ դատական նիստին ներկա լինելը նպատակահարմար չէ: Ուստի, քանի որ հնարավոր չէ նիստն առանց մեղադրյալի շարունակել, այն հետաձգվեց: Հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 17-ը:

Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 7-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրան տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ: Մինչ այդ՝ մարտի 6-ի նիստում դատարանը մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Դրան միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։