Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնա աշխատի քո հարցը լուծի, վարչապե՞տն ա քո տունը սարքելու. Նիկոլ Փաշինյանը զայրացավ իրեն մոտեցած քաղաքացու վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 7-ին, Լոռու մարզում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ զայրացավ իրեն տան հարցով դիմած քաղաքացու հարցից:

Երբ քաղաքացին խոսեց տուն չունենալու մասին, նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց՝ եթե երկրաշարժի ժամանակ է տունը կորցրել, պետությունը պարտավորություններ ունի, եթե չէ, ուրեմն չէ:

Քաղաքացին հայտարարեց, որ իրենց խնդիրը վագոն տնակում ապրելն է:

Խոսակցությանը միջամտեց վարչապետը՝ հայտարարելով, որ վագոն տնակում ապրելու համար երկու պատճառ կարող է լինել՝ որ պետությունը պետք է օգնի, սակայն չի օգնել, կամ էլ պետությունը չպետք է օգնի, սակայն քաղաքացին չի աշխատել, դրա համար չունի. «Եթե պետությունը պարտավորություն չունի ձեր նկատմամբ… Դու ոտդ ձեռդ տեղը, առողջությունը տեղը տղա ես, քո տան հարցն առաջին հերթին դու պետք է լուծես, աշխատես ու լուծես: Եթե ոտքը ձեռքն առողջ տղամարդն ասում է, որ տուն չունի… ես էլ չեմ ունեցել, որտեղի՞ց եմ ստեղծել, 24 ժամ աշխատել եմ ու ստեղծել»:

Փաշինյանը հայտարարեց, որ պայմաններ են ստեղծել, պետք է աշխատել, եկամուտ ունենալ գնալ տուն սարքել. «Վարչապե՞տն ա քո տունը սարքելու: Էլ չեմ ասում եկամտահարկի վերադարձի, հիփոթեքային վարկի ծրագիր ենք դրել: Մի քիլ էլ արժանապատվության հարց է: Առողջ տղամարդն ուրիշ առողջ տղամարդուն կասի իմ տան հարցը, իմ հացի հարցը լուծի՞: Բա մեր հացի հարցն ով ա՞ լուծելու: Մենք մեր հացի հարցը լուծել ենք չարչարվելով, Երրորդ մասում 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել ինձ համար: Գնա աշխատի քո ընտանիքի հարցերը լուծի»: