Search
Close this search box.

«Ես վաբշե կապ չունեմ». Կրակոցներ Երևանի շենքերից մեկի բակում, կա ծանր վիրավոր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արտակ Թադևոսյանի նախագահությամբ շարունակվեց Վահե Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահե Հ.-ն գործով չպարզված ժամանակահատվածում և չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել 9 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակ և, լարված փոխհարաբերությունների մեջ լինելով Սիսակ և Սուրեն Թ.-երի հետ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևանի Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում, նկատելով տվյալ շենքում բնակվող Սուրեն Թ.-ին, սպանության դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակից մոտ տարածությունից շուրջ 8 կրակոց է արձակել Սուրենի ուղղությամբ, որոնցից 5-ը նրան չեն դիպել, իսկ 3 կրակոցների արդյունքում Սուրեն Թ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է ծանր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Թ.-ին սպանելու դիտավորությունը Վահե Հ.-ն չի կարողացել ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ տուժողին անմիջապես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ու անհրաժեշտ բուժօգնության շնորհիվ փրկվել է նրա կյանքը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալի անձը:

«Ի՞նչ կրթություն ունեք» հարցին ամբաստանյալն ասաց, թե չի սովորել:

Նախագահողն ընթերցեց քրեական գործում առկա տեղեկությունը, թե Վահե Հ.-ն 5-ամյա կրթություն ունի:

Ամբաստանյալն ասաց. «Դե որ գրած ա՝ 5 տարի եմ սովորել, ուրեմն էդպես ա»:

Առողջական վիճակի վերաբերյալ հարցին ամբաստանյալը պատասխանեց, թե վատառողջ է՝ հոգեկան խնդիրներ ունի՝ ուժեղ գլխացավեր է ունենում, դեղեր է խմում ու ձայներ է լսում: Ամբաստանյալը չկարողացավ ասել, թե ինչպիսի ձայներ է լսում իր գլխի մեջ:

Վահե Հ.-ն նախկինում դատված է եղել, դատվածությունը մարված չէ:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Գործով մեղադրող դատախազ Կ. Մելքոնյանն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վահե Հ.-ին մեղադրանք է առաջադրված սպանության փորձի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ամբաստանյալը հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես վաբշե կապ չունեմ էդ ամեն ինչի հետ, դեպքի վայրում էլ ես չեմ եղել»,- հայտարարեց նա:

Ամբաստանյալի շահերը պաշտպանում է փաստաբան Ի. Ավագյանը:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ հետազոտել քրեական գործում առկա գրավոր և իրեղեն ապացույցները, հարցաքննել տուժողին, վկաներին, վերջում՝ ամբաստանյալին:

Նախագահողը տեղեկացրեց, որ դատարանը ՍԷԿՏ համակարգով հարցում է կատարել դատարան չներկայացող տուժողի վերաբերյալ: Ստացվել է պատասխան՝ Սուրեն Թ.-ն, որը փոխել է ազգանունը, դարձել է Սուրեն Հ., 2020 թվականի հունվարի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը ու երկրից դուրս է եկել: Դատարանը առաջիկայում նոր հարցում կկատարի՝ պարզելու համար տուժողի հնարավոր վերադարձի, այդ պարագայում՝ նրա ներկայությունը դատարանում ապահովելու հարցը:

Մեղադրող դատախազ Կ. Մելքոնյանը հրապարակեց մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերը:

Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ զննությունը կատարվել է դեպքից հետո՝ 2018 թվականի նոյեմբերի լույս 6-ի գիշերը՝ արհեստական լուսավորության պայմաններում: Դեպքի վայր հանդիսացող բակում, շենքի շքամուտքի դիմաց ու ներսում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բակում եղել են լճացած արյան հետքեր, որոնք անձրևային եղանակի պատճառով տարածվել են: Կրակված դեֆորմացված գնդակներ են հայտնաբերվել տուժողի մեքենայում, որտեղ եղել են նաև մրգերով լի ստվարաթղթե արկղեր:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժողը հրազենային երեք ծանր վնասվածքներ է ստացել՝ մի դեպքում կույր վիրավորում է եղել՝ գնդակը ուսահոդի շրջանից թափանցել է ողնաշարի խողովակ ու մնացել է այնտեղ, միջանցիկ վնասվածքներ են պատճառվել նաև տուժողի աջ բազկի ու որովայնի շրջաններում, վնասվել են բազկային զարկերակը, լյարդը, առաջացել են սուր արյունահոսություն ու ծանր հեմոռագիկ շոկ: Տուժողը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, ենթարկվել վիրահատության, նրա կյանքը հաջողվել է փրկել, նրա առողջությանը պաճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ամբաստանյալ Վահե Հ.-ի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանը՝ նախորդ կազմով, որով դատաքննությունն ընդհատվել էր նախագահող դատավոր Մ. Մելքոնյանի գործուղման պատճառով, նշանակել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Վահե Հ.-ն չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նրա մոտ արձանագրվել է անձի օրգանական խանգարում, որը, ըստ եզրակացության, արտահայտված չէ այն աստիճան, որ նրան զրկի իր գործողություններն ընկալելու և կառավարելու հնարավորությունից: Դեպքի պահին նա չի գտնվել հոգեկան հիվանդագին խանգարման վիճակում:

Ըստ այս եզրակացության՝ Վահե Հ.-ն պետք է գտնվի նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ:

Քանի որ տուժողի վերաբերյալ տեղեկություն էր ստացվել, որ նա հունվար ամսին հատել է ՀՀ սահմանը, երկրում չէ, նրա ներկայությունը դատարանում տվյալ նիստին ապահովված չլինելու պատճառով դատարանը փոխեց սահմանված կարգը ու անցավ դատարան ներկայացած վկաների հարցաքննությանը:

Դատարան էր ներկայացել Մարինե Պ.-ն, ով, ինչպես պարզվեց, նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել, տվել էր Վահեին մեղադրող ցուցմունքներ, իսկ դատաքննական ցուցմունքով փորձեց նրա համար ապահովել այլուրեքություն՝ ալիբի՝ նշելով, թե դեպքի պահին Վահե Հ.-ն եղել է իր հետ. Իրենք, ըստ վկայի, հանդիպել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 20-21-ի սահմաններում Կիլիկիայի ավտոկայանի մոտակայքում, ապա տաքսիով միասին գնացել են Սևանի ճանապարհի հյուրանոցներից մեկը, վկայի հիշելով՝ կարծես թե՝ «Մուշ» հյուրանոց:

Մեղադրողը վկայի հարցաքննությունից առաջ հրապարակել էր բջջային օպերատորի կողմից ստացված տեղեկանքը, համաձայն որի՝ Վահե Հ.-ի անունով հեռախոսահամարը դեպքի պահին սպասարկվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանի, մասնավորապես՝ իր բնակության վայրի ու դեպքի վայրի ալեհավաքների կողմից:

Վկան մեղադրողի կողմից այս հանգամանքի հրապարակումից հետո էլ շարունակեց պնդել, թե Վահե Հ.-ն նոյեմբերի 5-ին, ժամը 20-21-ից սկսած՝ եղել է իր հետ, սկզբում՝ Կիլիկայի ավտոկայանի մոտակայքում, ապա՝ հյուրանոցի ճանապարհին ու հյուրանոցում:

Վկան իր դատաքննական ցուցմունքները սկսեց միանգամից շատ սահուն տեքստով՝ ասելով, թե դեպքի պահին ինքը 17 տարեկան էր, վերը հիշատակված հյուրանոցից, որտեղ ինքը գտնվել էր Վահեի հետ, իրեն ոստիկանները տարել են բաժին՝ սպառանալով, թե ինքը հանցակից է, ապա բաժնում ոմն Նվեր, որը ոստիկան կամ քննիչ էր, ու գործով քննիչը իրեն «լացացնելով» ու սպառնալով՝ ստիպել են Վահեի դեմ ցուցմունքներ գրել: Մի դեպքում վկան ասաց, թե ինքը չի ընթերցել, թե ինչ է տպագրվել համակարգիչով,ինչ թուղթ տվել են, ստորագրել է: Մյուս դեպքում ասաց, թե իրեն գրավոր տեքստ են տվել, պահանջել են արտագրել, ինքն էլ արտագրել ու ստորագրել է:

Մեղադրողի հարցերից պարզվեց, որ դեպքի պահին 17-ամյա աղջիկը մարզերից մեկում ամուսնացած կին էր, ավելի վաղ երկտող էր թողել ամուսնուն ու հեռացել էր, նրա մայրը պահանջել էր, որ նա վերադառնա ամունու մոտ՝ սպառնալով, թե չի ընդունի նրան, նա էլ եկել էր Երևան, նախ՝ հորաքրոջ մոտ, հետո՝ արդեն իր գործն է, թե որտեղ է եղել: Պարզվեց, որ վկան որոշ ժամանակ եղել է նաև անչափահասների համար նախատեսված կացարանում, ուր նրան տարել են ոստիկանները:

Վկան նախ նշեց, թե Վահեի հետ ծանոթացել է սոցիալական ցանցով, դեպքի օրը նրա հետ հանդիպել է իր հեռախոսազանգով: Վահեն պատահական տաքսիով եկել է իր ասած տեղը՝ Կիլիկիայի ավտոկայանի մոտ, առաջարկել է տանել իրենց տուն, ինքն ամաչել, ասել է՝ ավելի լավ է՝ հյուրանոց գնանք, գնացել են: Վահեն իրեն ոչ մի բան չի ասել՝ ինչ-որ մեկի վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Երբ իրենք հյուրանոցում էին, Վահեին զանգել, ապա նրան հանդիպելու է եկել ինչ-որ մեկը, ինքը նրան չի տեսել, հետո Վահեն ասել է, թե պիտի գնա ոստիկանություն: Ու գնացել է: Ինքը հյուրանոցից մի պահ դուրս է եկել, հետո վերադարձել է հյուրանոց՝ պայուսակը վերցնելու, և իրեն այնտեղ գտնվող ոստիկանները տարել են բաժին ու «լացացնելով» ստիպել են Վահեի դեմ ցուցմունք տալ, սպառնացել են, թե իրեն էլ «կկորցնեն», որպես «հանցակից» կդատեն:

Իրեն 4-5 օր պահել են բաժնում, իր հեռախոսը վերցրել են, որ ոչ մեկին չզանգի, հետո հեռախոսի մեջ ծրագիր են գցել, որ լսեն իր խոսակցությունները, հետո իր հեռախոսը տվել են իրեն, լսել են Վահեի քրոջ ու ընկերոջ զանգերը, ինքը խոսել է բարձրախոսը միացրած, իր կողքին գտնվողները հուշել են իրեն՝ ինչ խոսի…

Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, ասաց, թե Վահեի հետ ներկայումս շփվում է Վայբերի միջոցով, շփվում է նրա մայրիկի հետ, նրա քույրիկի լուսանկարն է տեսել ու հետը խոսել է հեռախոսով, ցանկանում է ուղղել իր սխալը, որ ստիպողաբար թույլ է տվել Վահեի նկատմամբ՝ նրա դեմ մեղադրական սուտ ցուցմունքներ տալով. «Էս սաղ սարքած ա»,- ասաց շուտով 19 տարին բոլորող կինը:

Այս վկայի հարցաքննությունը բավական երկար տևեց: Կողմերի՝ հատկապես մեղադրողի ու նախագահողի հարցերին պատասխանելով՝ վկան որոշակիորեն խճճվեց, սկսեց տալ տարբեր պատասխաններ:

Վկան դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցված չէր, ծանուցագիրը վերադարձվել էր՝ «Տեղափոխված է» մակագրությամբ, բայց վկան ամբաստանյալի մայրիկի հետ ներկայացել էր դատական նիստին: Նախագահողի հարցին վկան պատասխանեց, թե գնացել էր ամբաստանյալի մայրիկին այցի, նրանից է իմացել նիստի օրվա մասին, հետո ասաց, թե Վահեի հետ Վայբերով խոսելիս է իմացել նիստի օրվա մասին: Ցանկացել է գալ ու իր անելիքն անել՝ Վահեին պաշտպանել, քանի որ նրա դեմ նախաքննական ցուցմունքները տվել է ճնշումների ազդեցության տակ:

Վկան հիշում էր, որ նախազգուշացվել է սուտ ցուցմունքներ տալու համար նախատեսված քրեական հետապնդման մասին, բայց պնդեց, թե դատարանում է ճիշտն ասում, ո՛չ Վահեն, ո՛չ ինքը տեղեկություններ չունեն կատարված դեպքի մասին, դեպքի կատարման պահին միասին են եղել՝ անկախ հեռախոսային վերծանումներից, իրեն ստիպել են Վահեի դեմ ցուցմունքներ տալ, կոնկրետ՝ վկան անընդհատ նշում էր ոմն Նվերի ու գործով քննիչի անունները, ասաց, թե նույնը կկրկնի նրանց հետ առերես:

Քանի որ վկայի հարցաքննությունը երկարեց ու մեկ նիստում չավարտվեց, նախաքննական ցուցմունքների հրապարակման վերաբերյալ միջնորդություն չեղավ, որը, հավանաբար կլինի՝ վկայի հարցաքննությունից հետո՝ արդեն հաջորդ նիստին:

1in.am