Search
Close this search box.

Փաշինյանի օպերատիվ միջամտությունը․ վարչապետը դարձյալ մենակ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ: Վարչապետն առաջարկել է դադարեցնել բողոքի ակցիաները կառավարության շենքի առաջ և ստեղծել աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի զինվորների մահվան բոլոր հանգամանքները: Փաշինյանն ասել է, որ իր համար շատ մեծ ցավ է, երբ տեսնում է, որ նրանք որոշակի պարբերականությամբ կառավարության կամ որևէ գերատեսչության առաջ բողոքի ակցիա են իրականացնում:

«Հայաստանի համար է դա մեծ ցավ և մեր ժողովրդի համար, դա մեծ խնդիր է, բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչով է ավարտվելու այս ամենը, որովհետև էստեղ շատ պարզ խնդիր կա դրված, պետք է ունենանք հանգուցալուծում: Դա առաջին հերթին ձեզ համար է ցավ, երկրորդ հերթին ցավ է ողջ ժողովրդի համար և մենք պետք է հասկանանք՝ չի կարող այսպես լինել: Լավ, ասենք՝ մեկ-երկու, տասը-քսան տարի անցնի, այսինքն՝ դուք անընդհատ գալու ե՞ք կառավարության շենքերի առաջ կանգնենք: Մեզ պետք է գտնենք հարցի լուծումը, մենք ինչ ենք անում միասին»,- ասել է նա:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին, ինչպես նաև հանդիպել ևս մեկ անգամ մինչև ապրիլի 10-ը՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

«Արդեն եթե ես տեսնեմ, որ որևէ մեկը գործին խոչընդոտում է, կադրային փոփոխություն կլինի», – հայտարարել է Փաշինյանը` ի պատասխան ծնողների հայտարարությունների, թե իրավապահ համակարգի ներկայացուցիչներից ոմանք շահագրգռված չեն, որ արդար հետաքննություն լինի:

Սևազգեստ մայրերի բողոքի ակցիաները դարձել են սովորական երևույթ՝ մինչդեռ հեղափոխությունը հուսեր էր ծնել, որ նախկինում կատարված հանցագործությունները, որոնց բացահայտումը կոծկվել էր, նոր իրավիճակում արագ կբացահայտվեն։ Սակայն ծնողները կարճ ժամանակ անց հասկացան, որ նույնիսկ նոր իրականության պայմաններում սայլը տեղից առաջ չի շարժվում ու դարձյալ դիմեցին բողոքի ակցիաների։

Վարչապետի այսօրվա արձագանքն, անշուշտ, ողջունելի է, մյուս կողմից բացահայտում է մի քանի իրողություններ, որոնք, մեղմ ասած, մտորելու տեղիք են տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության մեջ աշխատող այլ պաշտոնյաներ, կառույցներ գոյություն չունեն ու որևէ խնդրի շուրջ առաջընթաց է արձանագրվում միայն այն բանից հետո, երբ դրան միջամտում է վարչապետը։ Այս դեպքը բացառություն չէ ու պատահական չէ, որ սևազգեստ մայրերը գործնականում որևէ մեկին չեն վստահում՝ բացի վարչապետից, ինչի մասին բարձրաձայնեցին նաև այսօր կայացած հանդիպման ընթացքում։

Մյուս կողմից հեղափոխության իշխանության հանցավոր դանդաղկոտության պատճառով իրավապահ համակարգն առհասարակ չի բարեփոխվել, ինչի հետևանքով իրենց ազդեցությունը պահպանել են մարդիկ, ովքեր անցած երկու տասնամյակներում կոծկել են գործեր, հովանավորել են հանցագործներին, ինչի հետևանքով սպանված զինծառայողների ծնողները կորցնում են հավատը նաև նոր իշխանությունների հանդեպ՝ արդարացիորեն նկատելով, որ հեղափոխությունը երկրում շատ քիչ բան է փոխել։

Իրավիճակից հմտորեն օգտվում են նախկին իշխանություններին մոտ կանգնած մարդիկ, անհատներ, կազմակերպություններ, որոնք փորձում են ստանձնել լոկալ բողոքների «մոդեռատորությունը»։ Օրինակ՝ երբ Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները նախօրեին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի դիմաց բողոքի ակցիա էին կազամկերպում, նրանց թիկունքում ակնհայտորեն երևում էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։

Այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն անհանգստացնում է, սակայն նա միայնակ չի կարող օպերատիվ լուծում տալ բոլոր խնդիրներին։ Պետք է ստեղծել արդյունավետ կառավարման համակարգ, իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, պատժել մեղավորներին, եթե նույնիսկ նրանք հեղափոխության թիմի ներկայացուցիչներ են։ Հակառակ պարագայում՝ Փաշինյանի մենությունը դառնալու է քաղաքական ճգնաժամի հատկանիշ։
1in.am