Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ռուստամ Բադասյանը լավ լուր է հայտնում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի՛ կանայք,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում Ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր Կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ Ձեր հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:

Այս առումով, օրվա խորհրդով նաև պայմանավորված, լավ լուր ունեմ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար: Այսօր մեկնարկեցինք մի ծրագիր, որն ուղղված է հանրային ծառայությունները մեր բնակչությանն առավել հասանելի դարձնելուն:

Այսուհետ, Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝
Երեխայի ծննդի պետական գրանցում.
Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում.
Ամուսնության պետական գրանցում:
Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականը անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած
այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ մեր սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու հաջողություն»: