Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատռված բուկլետի» դասերը

Նախկին իշխանությանը հարող ՀԿ-ներից մեկն այսօր հայտարարել է, թե պատրաստվում է «Խիզախ կին» մրցանակ հանձնել մետրոյում Նիկոլ Փաշինյանի բաժանած բուկլետը պատռած կնոջը: Կարծում եմ՝ երևույթի նման չափազանցված ընկալումը հատուկ է այն հասարակություններին, որոնք չունեն քաղաքական և քաղաքացիական ուժեղ ինստիտուտներ։

Երեկ երևանյան մետրոներից մեկում տեղի է ունեցել միջադեպ, որը սովորական երևույթ է ժողովրդավարական երկրներում, մի բան, որը որևէ կերպ հնարավոր չէ «խիզախություն» կոչել։ Ընտրարշավերի ժամանակ հարյուրավոր ձվեր են թռչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղղությամբ, բայց ոչ ոք չի մտածել, թե դժգոհ քաղաքացիները «խիզախներ» են։ Ավելին՝ օրեր առաջ նախագահ Թրամփը հրաժարվեց Կոնգրեսի առաջնորդ Նենսի Փելոսիի ձեռքը սեղմել, Փելոսին ի պատասխան` հրապարակայնորեն պատռեց Թրամփի ճառի տեքստը: Դարձյալ որևէ մեկը չխոսեց Թրամփի կամ Փելոսիի «խիզախության» մասին․ եթե նույնիսկ եղան քննարկումներ, ապա միայն՝ Թրամփի ոչ ջենթլմենական պահվածքի կամ Փելոսիի հրապարակային բողոքի անսովոր արտահայտության մասին։ Եվ վերջապես՝ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը պատռված թռուցիկներ էր շպրտում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ուղղությամբ։

Ուզում եմ ասել՝ ամեն ինչի պետք է նայենք մի փոքր սովորական հայացքով՝ աշխարհի ստանդարտի մեջ, մանավանդ՝ ինչքան ես եմ հասկացել, Փաշինյանը բավական ադեկվատ է արձագանքել տեղի ունեցածին ու նույնիսկ որոշել է տեղի ունեցածից քաղաքական դիվիդենտ ստանալ։ «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետև այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ և Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով»,- երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Փաշինյանն ակնհայտորեն ցույց է տվել իր իշխանության դեմոկրատական բնույթը՝ ակնարկելով «Առագաստի» արյունոտ միջադեպը, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները զուգարանում խոշտանգելով սպանել էին մի քաղաքացու, որը հանդգնել էր անմիջականորեն «բարևել» նախագահին։

Իհարկե, նման բան Հայաստանում կրկնվել այլևս չի կարող, մյուս կողմից՝ արժե խնդրին մի փոքր անդրադառնալ, որովհետև երեկվա միջադեպը սոցիալական ցանցերի հիմնական թեման է։

Ես, օրինակ, բողոքի, անհամաձայնության ավելի քաղաքակիրթ ձևերի կողմնակիցն եմ ու, մեղմ ասած, չեմ խանդավառվում, երբ քաղաքական գործիչների վրա ձու են նետում կամ պատռված բուկլետ։ Մյուս կողմից ես դատավորի կեցվածք չեմ ընդունում՝ հասկանալով, որ այդ տիկինն, ըստ ամենայնի, հետհեղափոխական տրամադրությունների, «սև-ապիտակի» հակադրության փիլիսոփայության կրող է ու օգտվում է գործիքակազմից, որն, այպես ասենք, այքան էլ խորթ չէ հեղափոխության թիմին, գոնե՝ ոչ վաղ անցյալում։

Երեկվա «հերոսին» «խիզախացնել» պետք չէ, սակայն տեղին չէ նաև նրան անվանարկելը, իշխանության «հումանիզմը» հասարակության վրա «ծախելու» փորձերը։ Ի վերջո, հեղափոխությունից հետո իշխանությունը չի էլ կարող պատժել իր հետ համաձայն չլինող քաղաքացիներին։ Նույնիսկ ավելին՝ իշխանությունը պարտավոր է հաշվի նստել այն իրավիճակի հետ, որ հասարակության մի մասն իրեն քննադատում է ու քննադատների բանակը ժամանակի ընթացքում միայն մեծանալու է։

1in.am