Search
Close this search box.

«Տարածաշրջանային «մեծ խաղը» շարունակվում է». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Դե՛ ինչ, տարածաշրջանային «մեծ խաղը» շարունակվում է։ Միջանկյալ արդյունքները վերլուծելով` ունենք հետևյալ պատկերը։
Ռուսները կարողացան թույլ չտալ թուրքերին վերահսկել ստրատեգիկ նշանակություն ունեցող տարածքները Իդլիբի ուղղությամբ, միաժամանակ թուրքերին ստիպելով ընդունել Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Թուրքերը պահպանեցին իրենց երեսը` ապահովելով Սիրիայում իրենց ռազմական ներկայությունը դե ֆակտո լեգիտիմացնելու ցանկությունը։
Սակայն այս ամենի հետ հավատացնում եմ, որ անհնար է, որ մինչև աշուն մենք ականատես չլինենք թուրքերի հերթական հակառուսական հարվածի։
Դա այդպես եղել է, կա և լինելու է։ Մեր մասով միայն մի բան։ Չենք թուլանում և շարունակում ենք ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը։

Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ և ԹՀ նախագահներ Վ.Պուտինի և Ռ.Թ. Էրդողանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը։ 6 ժամյա բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ արձանագրություն են ստորագրել Իդլիբում հրադադարի հաստատման, Իդլիբ նահանգում անվտանգության միջանցքի ստեղծման, ինչպես նաև թուրք-ռուսական համատեղ պարեկային գործողությունների իրականացման վերաբերյալ։

Մարտի 5-ին ստորագրված թուրք-ռուսական արձանագրության հիմնական կետերն են՝

• Վերջ դնել ռազմական գործողություններին Իդլիբի ապառազմականացված գոտու շփման գծի ամբողջ երկայնքով։ Մարտի 6-ին՝ ժամը 00։00-ին, հրադադար է հաստատվում Իդլիբում։
• Ստեղծել անվտանգության միջանցք Մ4 մայրուղուց 6 կմ խորությամբ դեպի հյուսիս և 6 կմ խորությամբ դեպի հարավ ընկած տարածքում։ ԹՀ և ՌԴ ՊՆ-ները որոշելու են անվտանգության միջանցքի կոնկրետ պարամետրերը առաջիկա 7 օրվա ընթացքում։
• Այս տարվա մարտի 15-ից թուրք-ռուսական համատեղ պարեկային գործողություններ են սկսվելու Մ4 մայրուղու՝ Թուրումբա բնակավայրից մինչև Այն ալ Հավր բնակավայր ընկած հատվածում։

Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրության պահից սկսած։ Ստորագրվել է ԹՀ և ՌԴ ՊՆ նախարարների կողմից»: