Search
Close this search box.

Իշխանությունը պետք է Թորոսյանին գործուղի այլ աշխատանքի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն քննադատությանը, որ կառավարությունը պետք է ավելի պատրաստված լիներ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցմանը, ունենալով կուտակած դեղորայքի և դիմակների անհրաժեշտ պաշար: Թորոսյանն ասել է, որ դիմակների պակաս այսօր կա ամբողջ աշխարհում, բայց ամենավտանգավորն այն է, որ նա խորհուրդ է տվել քաղաքական գործիչներին, այսպես ասած չմիջամտել իրենց նեղ մասնագիտական խնդիրներին:

Թորոսյանի ասածն այն է, որ ինքը մշտական արդարացում ունի: Նա իր ղեկավարած կառույցի ամեն մի ձախողում կամ թերացում կարող է բացատրել աշխարհում առկա թերացումներով և ձախողումներով: Ցանկացած քննադատության կարելի է պատասխանել նույն կոնտեքստում.«Ամերիկայում էլ ամեն ինչ լավ չի, Գերմանիայում էլ են մարդիկ մահանում, Ճապոնիայում էլ են բժշկական սխալներ գրանցվում»: Դե եթե Ամերիկայում, Գերմանիայում կամ Ճապոնիայում առողջապահության համակարգը կատարյալ չի, ոնց կարող է Հայաստանում կատարյալ լինել:

Սա կոչվում է «կռուտիտ» լինել, իսկ դրա համար ոչ մեծ խելք է պետք, ոչ էլ մասնագիտական հմտություն, դրա համար պետք է ուղղակի անմեղսունակ լինել:

Ինչ վերաբերվում է առողջապահությունը չքաղաքականացնելուն, ապա այս դրույթը ևս կատարյալ անհեթեթություն է, որովհետև չկա մեր հանրային կյանքի և կենցաղի հետ կապված որևէ մի դրվագ, որը կապ չունենա քաղաքականության և քաղաքական իշխանության գործունեության հետ:

Եթե Թորոսյանը տապալել է առողջապահական քաղաքականությունը, եթե նա մեզ վստահեցնում է, որ կորոնովիրուսը վտանգավոր վարակ չէ, որ այն Հայաստանին չի սպառնում, բայց ի վերջո պարզվում է, որ չափազանց վտանգավոր երևույթ է և առկա է Հայաստանում, ապա դա Թորոսյանի ներկայացրած ամբողջ քաղաքական իշխանության տապալումն է:

Կամ առնվազն այդ քաղաքական իշխանությունը պետք է Թորոսյանին գործուղի այլ աշխատանքի` դրանով ցույց տալով, որ իր վրա չի վերցնում մեկ առանձին նախարարի տապալման քաղաքական պատասխանատվությունը: Բայց Հայաստանում ամբողջ իշխանությունն է տառապում անմեղսունակության սինդրոմով. քանի ամբողջ աշխարհը չի հասել կատարելության, մեզնից կատարելություն չպահանջեք:

ArmLife.am