Search
Close this search box.

Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են հայտնի գործարարի Jeep-ի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը: ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորոթյամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանն ու Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ս. Մարտիրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: