Search
Close this search box.

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Աբովյանի քաղաքապետին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240 քմ մակերեսով հողատարածք եւ այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը եւ ապօրինի շինարարության հետեւանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ արդյունքում՝ համայնքի ղեկավարի առերեւույթ դիտավորությամբ դրսեւորած անգործության հետեւանքով տեւական ժամանակ շարունակվել է ինչպես ինքնակամ հողազավթումը, այնպես էլ՝ ինքնակամ շինարարությունը:

Աբովյան համայնքի ղեկավարին (Վահագն Գեւորգյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Վահագն Գեւորգյանը Աբովյանի ընտրություններում հաղթել է իշխող «Իմ քայլը» կուսակցության թեկնածուին: Նրան աջակցում է ԲՀԿ-ն: