Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մեկնում է. Հայաստանի բացառիկ առաջարկը Վրաստանին

Մարտի 3-4-ին Վրաստան պաշտոնական այց կկատարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Թբիլիսիում կհանդիպի այդ երկրի քաղաքական ղեկավարությանը՝ վարչապետ, նախագահ, ԱԺ նախագահ: Հանդիպում կլինի նաև հայ համայնքի հետ: Նիկոլ Փաշինյանի այցը, ինչպես հայ-վրացական բարձր մակարդակի և ընդհանրապես որևէ շփում ու հաղորդակցություն, անշուշտ, շատ կարևոր է և, կարծես թե, չկա այդ մասին խոսելու ավելորդ անհրաժեշտություն:

Միաժամանակ, սակայն, այցը տեղի է ունենում ռեգիոնալ և միջազգային առումով առանց չափազանցության բախտորոշ փուլում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլևս Վրաստանի համար բախտորոշ: Եվ այցը տեղի է ունենում նաև այդ իմաստով հատկանշական և խոսուն նախաբանի ուղեկցությամբ, որպիսին էին անցնող օրերին Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի այցը Վրաստան, և Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, որի ընթացքում նա հանդիպեց նաև վարչապետ Փաշինյանի հետ:

Բանն այն է, որ հայ-վրացական երկկողմ հարաբերությունը, ընդհանուր իմաստով ունենալով ռազմավարական փոխադարձ կարևորություն ու նշանակություն, ներկայիս փուլում ձեռք է բերել առավել քան կենսական իմաստ, հաշվի առնելով մասնավորապես հարավկովկասյան անվտանգային միջավայրի երկու հիմնարար խաղացողների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրեթե նախապատերազմական կամ կիսապատերազմական վիճակը, որի օջախն Իդլիբում է, սակայն դիապազոնը անկասկած հասնում է Կովկաս:

Ավելին, Կովկասն այդ իմաստով թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի կենսական շահերի գոտի է, ըստ այդմ հասկանալի է, որ ցանկացած այլ կետում դիմակայությունն ուղիղ պատճառահետևանքային կապի մեջ է կենսական ռեգիոնի հետ: Եվ այդ հանգամանքն էլ ավելի է սրում հայ-վրացական կապի կենսունակության ու դիմադրունակության խնդիրը:

Թյուր տպավորություն կամ մոլորություն է, որ ռուս-թուրքական որևէ լարվածություն մարտահրավեր և ռիսկ է Հայաստանի համար, իսկ Վրաստանը, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այսպես ասած, ջերմ գործակցության մեջ է, չունի այդպիսի մարտահրավեր: Նախ, Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ջերմ է այնքան, որքան, օրինակ, Ռուսաստանն էր ջերմ Թուրքիայի հետ: Այսինքն՝ կա իրավիճակային ջերմություն, որը, սակայն, ցանկացած պահի կարող է հօդս ցնդել կենսական շահերի հարցում բացարձակապես հակադիր պատկերի արդիականացման դեպքում:

Այն, ինչ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի է ունենում Իդլիբից ծագած գործընթացում: Դա իր հերթին նշանակում է, որ Վրաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի «ջերմությունը» մղվելու է երկրորդ պլան կամ, մեղմ ասած, երկրորդ պլան, իրականում ոչ միայն մղվելու է հեռու, այլ վերածվելու է ագրեսիայի և էքսպանսիոն նկրտումների: Որովհետև Անկարային ու Բաքվին պետք չէ բարեկամ Թբիլիսի, որն առավել ևս ձգտում է եվրաատլանտյան բլոկ և, ըստ այդմ, մրցակից է Անկարայի համար:

Թուրքիային և Ադրբեջանին պետք է Թբիլիսի, որը, վերջին հաշվով, դառնալու է այսպես ասած՝ թուրք-ադրբեջանական «միավորման պլատֆորմ»: Այնպես, ինչպես պատկերացնում են նրանք Հայաստանը: Բարեկամությունը պարզապես այդ նպատակին հասնելու առավել թավշյա ձևն է, որ կիրառում էին Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանի նկատմամբ, բայց որը կիրառելի է նրանց համար այնքան ժամանակ, քանի դեռ չկա հակադրությունն ու բախումնային ռեժիմը Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից, իհարկե, միամտություն է կարծել, թե Ռուսաստանն է Վրաստանի հանդեպ տածում ջերմ զգացումներ: Անկասկած է նաև Մոսկվայի էքսպանսիոն նկրտումն ու հավակնությունը, բայց այստեղ կա էական մի հանգամանք:

Ի տարբերություն ռուս-թուրքական հանգամանքի, Վրաստանը չունի զսպող կամ հակակշռող համարժեք գործոն, իսկ ահա ռուսական հավակնության դեպքում այդպիսին Հայաստանն է, որն ունի բացառիկ ոչ միայն հետխորհրդային փորձ և ներուժ, այլ նաև պատմա-քաղաքակրթական փորձ, կարողանալ համադրել տարբեր ուժային կենտրոնների շահերը և դառնալ այդ իմաստով ռիսկերի կառավարման արդյունավետ աշխարհաքաղաքական յուրօրինակ կենտրոն:

Հայաստանի այդ ներուժը կասկածի տակ էր հայտնվել արցախյան հաղթանակից հետո անարդյունավետ կառավարման քառորդդարյա ընթացքում, սակայն թավշյա հեղափոխությունից հետո Երևանը, անկասկած, վերականգնում է այդ ներուժը, ինչը ռեգիոնալ անվտանգության իմաստով կենսական նշանակություն ունի Հայաստանի, և կենսական նշանակություն և «բնական առաջարկի» արժեք ունի նաև այլևս Վրաստանի համար:
1in.am